Մետրոպոլիտենի նոր կայարան ու նոր ճոպանուղի. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավոր խոստումներն են։ Աջափնյակում նոր կայարանի նախագծային աշխատանքները հույս ունի ավարտել մինչև տարեվերջ:
«Կամուրջը ավարտելուց հետո կամրջի վրա կտեղավորվի կայարանը, և հետագայում ամբողջ ինֆրաստրուկտուրան, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամրջից դեպի Բարեկամություն կայարան», - այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Մեսչյանը:
Ճոպանուղու շինարարությունն էլ նախատեսում են սկսել եկող տարվանից։ Այն տուրիստական նշանակություն չի ունենալու, կլինի 32 տեղանոց հանրային տրանսպորտ՝ թեթևացնելու Մասիվ - Կենտրոն մշտական խցանումները:
«Դա էն ճոպանուղին չի, որ դուք պատկերացնում եք, որ մեկը գալիսա՝ մյուսը գնում և կես ժամ սպասում են․․․ այդպես չի: Բավականին ակտիվ գծով պետք է իրենք աշխատեն», - ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Նոր ճոպանուղին Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ է լինելու. Աբովյան պուրակից կմիանա Մասիվին, ավելի ուշ՝ գիծ կլինի նաև դեպի Հաղթանակի զբոսայգի:
Ովքեր են կառուցապատողները՝ Արթուր Մեսչյանն առայժմ անուններ չի հնչեցնում, բայց այս երկու ծրագրերի համար քաղաքի բյուջեն ոչինչ չի տրամադրելու։
Ի՞նչ կստանան կառուցապատողները, եթե ստանձնեն նոր կայարանների շինարարությունը, Մեսչանը պատասխանում է․ ֊ «Աջափնյակի մետրոպոլիտենը կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել Թումոյի տարածքի կողքի շրջանում՝ մետրոպոլիտենի վրա: Մոլի առաջին հարկի միջիցա լինելու մետրոպոլիտենի կապը: Նույն մոտեցումը լինելույա և ճոպանուղուն: Այսինքն, Մասիվի տարածքում մենք թույլ ենք տալու կառուցել ևս մեկ մոլ, և էդ կառուցողը պետք է կառուցի վերևի կայարանը, իսկ ներքևի տարածքում պետք է նախագծվի հյուրանոցային համալիր»:
Երևանի գլխավոր ճարտարապետը դժգոհում է՝ «ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղված, քան ճարտարապետությամբ»․ ասում է՝ նկատի ունենալով այն, որ քաղաքը փող չունի, անընդհատ ներդրողներ են փնտրում:
Արթուր Մեսչյանին դուր չի եկել նաև քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման ձախողումը։ Ասում է՝ իր ենթակայությամբ աշխատողների գործի ծավալը երեք անգամ ավելացել է, աշխատում են մինչև կեսգիշեր ու անփոփոխ ցածր աշխատավարձով։ - «Ես մի բան պետք է ասեմ՝ չզարմանաք: Եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն», - զգուշացրեց նա:
Գլխավոր ճարտարապետը վստահեցրեց՝ քաղաքապետարանում կոռուպցիա չկա, իրենք էլ հարստանալու չեն եկել․ - «Առաջ էդ գումարները աշխատում էին ուրիշ ճանապարհով, էսօր էդ խաղերը էլ չկան»:
Արամի 23 հասցեի պատմական շենքը շարունակում է փլուզվել, ինչ նորություն կա․ Արթուր Մեսչյանն ասաց՝ շենքի վերականգնման իտալացիների տարբերակին «այո» են ասել, գնդակը մշակույթի նախարարության, կառուցապատողի ու սեփականատիրոջ դաշտում է․ - «Էսօրվա օրոք էդ կառույցի վիճակը շատ ավելի բարդա, քան էն օրը, որ պատը փլվեց, որովհետև վաղը մյուս օրը էդ տարիքը կարողա փլվի: Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ չգիտեմ»:
Քաղաքում ապօրինի շինարարության ծավալները նկատելի նվազել են, բայց գլխավոր ճարտարապետը էլի հորդորեց ՝ մի արեք:
Փողոցային առևտուրը, ըստ Արթուր Մեսչյանի, չի կարելի կտրուկ արգելել, օրվա հացի փող աշխատողին, ասում է, պետք է շանս տալ: - «Ասենք՝ մի կին գյուղից լոլիկա բերել, փողոցում վաճառումա և էդ վաճառած լոլիկով պիտի իրա երեխուն կերակրի․․․ ցավը տանեմ իրա», - շեշտեց նա:
Երևանում շատ բան քաղաքի գլխավոր ճարտարապետին էլ դուր չի գալիս՝ վթարային շենքերի բնակիչների համար համայնքը բնակֆոնդ չունի, ստիպված էլի կառուցապատողների դուռն են գնում, քաղաքի տեսքն այլանդակող խողովակներն ու լարերի սարդոստայնները վերացնել չեն կարողանում:Արթուր Մեսչյանը, սակայն, հուսահատված չէ, ասաց՝ «կդզվի, նոր ենք սկսել»։
Այս պաշտոնում ինքն իր համար ժամկետ է սահմանել․ - «2.5 տարով եմ եկել ստեղ աշխատելու, 6 ամիսն արդեն անցավ»:
Այս պահի դրությամբ իր գործունեությունից գոհ է, ասում է՝ ավելին անել չենք կարող: