Վանո Սիրադեղյանի մահվան վերաբերյալ ընտանիքի հայտարարությունից ավելի քան կես ամիս անց պետական գործչի դին դեռ Հայաստան չի տեղափոխվել: Այս մասին «Ազատությանը» հայտնում է Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը՝ առանց այլ մանրամասների, թե ե՞րբ կտեղափոխվի հոր աճյունը Հայաստան և ի՞նչն է պատճառը, որ 2 շաբաթ անց էլ այն Հայաստանում չէ։
Սիրադեղյանի մերձավոր, իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն «Ազատությանն» ասել էր, որ աճյունի տեղափոխման բարդություններ են առաջացել, քանի որ Սիրադեղյանն արտասահմանում այլ անունով է ապրել։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Այսօր բարդություններ կան, որովհետև նրա մահից հետո նա այլ ձևով է գրանցված, իրավական խնդիր կա», - ասաց Սուքիասյանը.
«Ազատությանը» Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը հայտնել էր, որ ամուսնու «ծանր վերադարձը» Հայաստան ինքն է իրականացնելու։ Խնդրել էր զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից: Թե ե՞րբ է տեղի ունենալու Սիրադեղյանի հուղարկավորությունը, հայտնի չէ։ Այս մասին նաև հատուկ Սիրադեղյանի մահվան կապակցությամբ նոր ձևավորված հանձնաժողովի նախագահն առայժմ չի հայտնում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ հարցերին կպատասխանի, երբ հանձնաժողովը նիստ անցկացնի ու որոշումներ կայացնի։
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովն ու հաստատվել է դրա կազմը։ Արայիկ Հարությունյանից բացի հանձնաժողովում են ներառվել նաև Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, մի շարք նախարարությունների պաշտոնյաներ, փոխոստիկանապետը, Երևանի փոխքաղաքապետը, կազմում ներկայացուցիչ ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հանձնաժողովում է նաև «Վանոյի հետ և առանց Վանոյի» ժողովածուի հեղինակ, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը։
«Մի պոռթկումից բացի, որը մարեց նույնքան անսպասելի, որքան բռնկվել էր, ոչ ոք այս 20-ից ավելի տարիներին, որքան էլ տարօրինակ է, առանձնապես որևէ մեկից չէր պահանջում Վանոյին հնարավորություն տալ ապրելու Հայաստանում: Հիմա, երբ այլևս չկա, շատ անհատներ, քաղաքական դեմքեր պահանջում են Հայաստան բերել Վանոյի աճյունը և ամփոփել Պանթեոնում: Շատ եմ ափսոսում, որ Վանո Սիրադեղյանի հանդեպ այն սրտացավությունը չկար նրա կենդանության տարիներին», - նշեց Դարբինյանը:
Անորոշ է նաև, թե Սիրադեղյանը որտե՞ղ է հուղարկավորվելու, ըստ էության, այդ հարցը որոշվելու է նորաստեղծ հանձնաժողովը։ Ավելի վաղ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։
Լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանն ասում է՝ տրամաբանական կլինի Սիրադեղյանի աճյունը Կոմիտասի անվտան պանթեոնում հուղարկավորելը. - «Ես երբևէ չեմ թաքցրել իմ վերաբերմունքը Վանոյի հանդեպ ու եթե գործում է որոշակի խորհրդանշական այդ վայրը, ապա տրամաբանական կլինի, որ մեր ժամանակ խոշորագույն գրողի ու պետական գործչի աճյունն ամփոփվի հենց այնտեղ: Սա բացառապես իմ անձնական կարծիքն է, այս թեմայի շուրջ ես որևէ մեկի հետ չեմ զրուցել»:
Անհայտ է մնում նաև, թե ավելի քան երկու տասնամյակ որտե՞ղ է թաքնվել Վանո Սիրադեղյանը։ Այս մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն նաև նրա ընտանիքի անդամները չեն տրամադրում։
Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Այն ժամանակ պատգամավոր Սիրադեղյանին մեղադրանք էր առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով, այդ թվում մի շարք սպանություններ կազմակերպելու, իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման ու բանդիտիզմի համար։ Հայաստանը նա լքել էր 2000 թվականին։ Սիրադեղյանը միջազգային հետախուզման մեջ էր։ Նա չէր ընդունել մեղադրանքները։