Մատչելիության հղումներ

Վանո Սիրադեղյանը ոչ մեկից նեղացած չէր. Խաչատուր Սուքիասյան


ՀԱԿ-ը կոչ է անում Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»: Առայժմ, սակայն, հայտնի չէ անգամ՝ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։

Նրա մերձավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով` արտասահմանում Սիրադեղյանը այլ անունով է ապրել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան, որովհետև նրա մահից հետո նա այլ ձևով է գրանցված: Տեխնիկական, իրավական խնդիր կա»:

Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքի հաղորդագրությունից երկու օր անց վարչապետը և նախագահը դեռ չեն ցավակցել: Կառավարությունից չպատասխանացին՝ դիակի տեղափոխման, հուղարկավորության համար ստեղծվելո՞ւ է պետական հանձնաժողով։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը միանշանակ կողմ է, որ գերեզման հատկացվի Կոմիտասի անվան պանթեոնում՝ հայ ականավոր գործիչների կողքին։ Սուքիասյանը չի թաքցնում՝ կապի մեջ է եղել Սիրադեղյանի հետ, որին իրավապահները քսան տարուց ավելի որոնում են. «Ինքը ոչ մեկից նեղացած չէր: Դա շատ մեծ արժեք է, երբ որ մարդը ոչ մեկից նեղացած չի, ուղղակի ճիշտ, սթափ գնահատում է քաղաքական բոլոր գործընթացները և միշտ ասում էր, որ վտանգները շատ են, մենք փոքր երկիր ենք»:

Դեռ 2018-ին՝ վարչապետ ընտրվելուց օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրավական լուծումներ է պետք գտնել Սիրադեղյանի վերադարձի համար:

«Վանո Սիրադեղյանը երկու հարց էր առաջ քաշել. ինքը չէր ընդունում, որ պետք է գա, և իրեն ձերբակալեն, նոր քննություններ գնան: Երկրորդը, ես ինչքան հասկացա Վանո Սիրադեղյանի մտքերից այդ ժամանակ, ինքն ուզում էր` հեղափոխությունից հետո այս իշխանությունը ևս ամրապնդվեր, նոր գար, որովհետև նա շատ հեռատես, շատ խորը պատկերացումներով մարդ էր: Հեռվում լինելուց տասնյակ մարդկանցից ավելի խորն է վերլուծել Հայաստանում ցանկացած գործընթաց, և նա հասկացել էր, որ դեռ խմորումներ կլինեն, դեռ խանգարողներ կլինեն», - նշում է Խաչատուր Սուքիասյանը:

Քոչարյանը, Սարգսյանը և անգամ Փաշինյանը չէին ուզում, որ Սիրադեղյանը Հայաստան գա. Պասկևիչյան

Սիրադեղյանի վերադարձի հարցով Հայ ազգային կոնգրեսը դիմել է թե՛ նախորդ, թե՛ այս իշխանություններին։ Լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը կարծում է՝ Քոչարյանը, Սարգսյանը և անգամ Փաշինյանը չէին ուզում, որ նա Հայաստան գա:

«Շատ բարդ խնդիր է Վանո Սիրադեղյանի հետ համակեցությունը։ Կարծում եմ` բոլոր իշխանությունների համար՝ և' Ռոբերտ Քոչարյանի, և' Սերժ Սարգսյանի, և' Նիկոլ Փաշինյանի համար Վանո Սիրադեղյանը Հայաստանում լուրջ խնդիր էր, Վանո Սիրադեղյանը Հայաստանում՝ բանտում, առավել լուրջ խնդիր էր, և այդ պատճառով նրանցից ոչ ոք... Քոչարյանը պարզ էր, Սերժ Սարգսյանի օրոք, եթե հիշում եք, եղան ինչ-որ ակցիաներ, փորձեր, ստորագրահավաքներ` հետ բերելու, բայց ոչ ոք չէր ցանկանում, որ նա էստեղ լինի։ Որովհետև, այնուամենայնիվ, հենց Վանո Սիրադեղյանն էր ընտրվել որպես անկախության ակունքների, այս շարժման գլխավոր խարիզմատիկ ֆիգուր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պասկևիչյանը։

Վանո Սիրադեղյանը մեղադրվում է 90-ականներին մի շարք սպանություններ պատվիրելու համար։

«Ճիշտ է` հեղաշրջում արեցին երեքով՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բայց Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ մենակ էր, ինքը նոր մարդ էր ավելի, Սերժ Սարգսյանը համեմատաբար ավելի հին էր էստեղ, և էդ մենակությունից ինքը վախենում էր։ Եվ էդ մենակության վախը փարատելու համար իրեն պետք էր մի խարիզմատիկ ֆիգուր, որին պետք է ինքը զոհաբերեր, որպեսզի համակարգերին ազդանշան տար, որ ինքն իրավիճակի տերն է։ Մի հատ փորձենք պատկերացնել դատախազների, քննիչների, դատավորների վիճակը։ Ի՞նչ պիտի անեն, երբ որ էստեղ Քոչարյանն ա, էստեղ Վանո Սիրադեղյանն ա։ Եվ Վանո Սիրադեղյանը, կարծում եմ, էդ ժամանակի համար ամենատրամաբանական որոշումն ընդունեց՝ հեռանալ Հայաստանից», - հիշեցրեց հրապարակախոսը։

Սիրադեղյանը չի ընդունել մեղադրանքը, ըստ որի նրա ստեղծած հանցախմբի անդամները դատապարտվել են։ Վանո Սիրադեղյանը մեկ ամսից կդառնար 75 տարեկան։

XS
SM
MD
LG