Հայկական և ասորական ծագում ունեցող գերմանացի բարերար, ճարտարապետ Ալբերտ Սևինս Հադոդոն իր հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց՝ այս անգամ Շիրակի մարզում: Ախուրյան համայնքում բացեց տարեցների խնամքի կենտրոն՝ այն անվանակոչելով մայրական կողմից իր պապի՝ Վորտիկ Գյուլբենկյանի անունով: Վերջինս, ի դեպ, հայտնի գործարար ու բարերար Գալուստ Գյուլբենկյանի հորեղբոր որդին է եղել:
3 մասնաշենքից բաղկացած խնամքի կենտրոնը կարող է մինչև 40 շահառու ընդունել: Գերմանացի բարերարը ի սկզբանե ցանկանում էր, որ այն կառուցվի Գյումրիում: Հարցին, թե ինչն էր պատճառը, որ Գյումրիի փոխարեն Ախուրյանում կառուցվեց, բարերարը պատասխանեց․ ֊ «Մենք նախատեսել էինք ծրագիրը Գյումրիում անել, նույնիսկ հողատարածք գնեցինք, բայց այն շատ փոքր էր, մտածում էինք կողքի հողատարածքն էլ գնել, սակայն չէր ստացվում: Հետո քաղաքական կապերի մեջ մտանք, այսինքն մենք օգնության խնդրանքով դիմեցինք՝ չաշխատեց»:
Բարերարը չցանկացավ ավելին ասել, սահմանափակվեց այդքանով: Գյումրիի մերձակա Ախուրյան համայնքում ձեռք բերեց 4000 քառակուսի մետր հողատարածք ու կառուցեց տարեցների խնամքի կենտրոնը, որի բոլոր ծախսերը հենց ինքն էլ հոգում է: Հրաժարվեց ասել, թե որքան գումար է ներդրել, միայն ասաց՝ թիվը բավականին մեծ է․ ֊ «Ես կցանկանայի, որ այս նախագծի կարիքը չլիներ առհասարակ: Ավելի մեծ հաճույքով գործարան կհիմնեի ու այնտեղ ինչ-որ բան կարտադրեինք, հետո նաև կարտահանեինք, որովհետև դա է ճիշտը: Այսպիսի ծրագրեր իրականացնելը խելացի ու մտածող լինելու նշան չէ: Սա կարիքի նշան է: Ցավոք սրտի, Հայաստանը այդ կարիքը շատ ունի: Ես կարծում եմ՝ ծեր մարդիկ ավելի մեծ հոգածության կարիք ունեն: Երբեմնի հարուստ ու ուժեղ Գյումրիում հիմա հազարավոր ծերեր կան՝ միայնակ, աղքատ, հիվանդ ու ապրում են սարսափելի պայմաններում: Դա մարդկային չէ»:
Մինչ խնամքի կենտրոնի պաշտոնական բացումը, այն արդեն շահառուներ ուներ: Ինչ սկզբունքով են ընտրո՞ւմ շահառուներին, հետաքրքրվեցինք Ալբերտ Սևինս Հոդոդոյից․ ֊ «Մենք փորձում ենք գտնել նրանց, ովքեր մեծ կարիքի մեջ են: Ովքեր միայնակ առանց հարազատների ապրում են տնակներում: Մենք ասում ենք՝ եթե որևէ մեկը ուզում է մեր մոտ գալ, մենք պետք է իրավունք ունենանք իր տնակը քանդելու: Բայց ամեն դեպքում մենք հիվանդանոց չենք»:
Խնամքի կենտրոնը նաև աշխատատեղեր է ապահովում:
Գերմանացի բարերարն ասում է՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը շարունակական են լինելու․ ֊ «Հիմնադրամը, որը ես ստեղծել եմ, 4 ուղղություններով է աշխատում՝ առաջինը Հայաստանում, հաջորդը Սիրիայի և Իրաքի արամեացիների, 3-րդը՝ ամեն տարի մի փոփոխվող ազգի համար: Այս տարի ես աջակցել եմ Իրաքում եզդիների որբանոցներին: Եվ 4-րդը՝Գերմանիան է, հարուստ երկիր է, բայց այնտեղ էլ կան խնդիրներ: Այսպիսով այս 4 ուղղությունները միշտ կշարունակվեն, իհարկե, Հայաստանն էլ»:
Գերմանացի բարերարը տարիներ առաջ արձագանքել էր «Ազատության» ռեպորտաժին և աջակցել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 8 երեխա ունեցող ընտանիքին՝ նրանց համար տուն գնելով: