Դատական քաշքշուկների մեջ հայտնված «Իկիլիկյան» դաշինքը, որ Ախուրյանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հայտարարում է, թե քաղաքական ճնշումների է ենթարկվում։
«Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունների կազմած դաշինքն առաջնորդում է Ախուրյանին միացվող Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։ Նա այսօր հրավիրած ասուլիսում պատմեց, որ թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովը նախ գրանցել է դաշինքին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առարկությունից հետո չեղյալ համարել գրանցումը։ Իկիլիկյանն ասում է՝ գրանցումը մերժելու հանձնաժողովի որոշումից են տեղեկացել, որ Ախուրյանը ոչ թե 33, այլ 35 բնակավայր է միավորելու։
«Գրանցումից հետո կարծես թե, չգիտեմ ինչու, թիվը փոխվեց 35, այսինքն մեր տարածաշրջանում Ախուրյան, Կայարանը և Հացի Կայարանը նորից համարվել են բնակավայր», - ասաց նա:
Այնուհետև դաշինքը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովի՝ գրանցումը մերժելու որոշումը: Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հանձնաժողովի որոշումը, սակայն քաշքշուկը սրանով չի ավարտվել։ Վարչական դատարանի կայացրած դատական ակտի հաջորդ օրը արդեն ընտրություններին մասնակցող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է դիմել դատարան՝ թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցով, որով պահանջել է անվավեր ճանաչել «Իկիլիկյան» դաշինքի գրանցումը։ Այստեղ արդեն դաշինքը որպես երրորդ կողմ է ներգրավված:
«Անպայման կմասնակցենք դատական նիստին, կվիճարկենք: Եվ կարծում եմ, որ օրենքի բացերի համար, որ օրենքում շատ կա բաց, մենք չենք կրում պատասխանատվությունը, պատասխանատվությունը կրում է այն լիազոր մարմինը, որը պարտավոր էր մեզ կիսատ կամ թերի փաստաթուղթ ներկայացնելու համար 48 ժամ ժամանակ տար, որպեսզի մենք կարողանայինք շտկել», - նշեց Վարդան Իկիլիկյանը:
Թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հեռախոսազանգերին չի պատասխանում: Ինքը՝ Իկիլիկյանն այս ամենը քաղաքական ճնշում է որակում. - «Այս երկու նախադեպը, որ դաշինքը չգրանցել և դատարանում հաջողության հասնել, հաջողության հասնելուց հետո նորից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված այս հայցը, այո, բոլորը որակում եմ քաղաքական»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը բացառում է, որ Իկիլիկյան դաշինքի շուրջ տեղի ունեցողը քաղաքական ճնշումն է: Ավելին՝ հավելում է՝ եթե քաղաքական ճնշում լիներ, ապա Վարդան Իկիլիկյանը չէր նշանակվի Ազատանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Որևէ քաղաքական հետապնդում չի կարող լինել, չգիտեմ ինչի է նման տրամադրվածություն ստեղծվել պարոն Իկիլիկյանի մոտ: Որովհետև ինչքանով որ տեղյակ եմ, նախորդ դատական պրոցեսի նախաձեռնողը հենց Իկիլիկյանն է եղել և տարածքային հանձնաժողովին դատի է տվել ինչ-որ որոշման հետ կապված, որը , բնականաբար, կառավարող ուժի, առավելապես «Քաղաքացիական պայմանագրի» հետ որևէ աղերս չի կարող ունենալ: Այլ հիմք ունենք, երբ որ նախօրեին մենք դատական հայց էինք ներկայացրել, որ պարոն Իկիլիկյանի գլխավորած դաշինքն ունի փաստաթղթային անճշտություններ, թերևս նկատենք, որ այստեղ մեր մեղքը չէ, որ պարոն Իկիլիկյանի ներկայացրած փաստաթղթերը լիարժեք չեն և հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը», - ասաց Բաղդասարյանը:
Ազատանը, որ պետք է մտնի Ախուրյանի կազմ, 3900 ընտրող ունի։ Հաշվի առնելով, որը սա 5-6 համայնքի ընտրողների թվի հանրագումարն է, Վարդան Իկիլիյանը հասկանում է, թե ինչու են ցանկանում իրեն խաղից դուրս թողնել. - «Ես հասկանում եմ մեր խաղընկերների, գործընկերների՝ ինձ խաղից դուրս բերելու մտահոգությունը, բայց ասեմ, որ ընդհանրապես անկախ դատարանի ելքից՝ մեր քաղաքական կողմնորոշումը չի փոխվելու»:
Բացի ՔՊ-ից ու «Իկիլիկյան» դաշինքից Ախուրյանի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները։ Քաղաքապետի բոլոր թեկնածուները գործող համայնքապետեր են։ Կմասնակցի «Իկիլիկյան» դաշինքը, թե ոչ՝ պարզ կդառնա դատարանի որոշումից հետո։ Խոշորացվող համայնքի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին, դրանից հետո Ախուրյանը մոտ 54 հազար բնակիչ կունենա։