Շիրակի մարզի վերջերս խոշորացված չորս համայնքներում դեկտեմբերի 5-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն։ Ամենաթեժ պայքարը սպասվում է Արթիկում՝ 7 քաղաքական ուժ է հայտ ներկայացել, Ախուրյանում՝ 4, Ամասիայում՝ 3, Աշոցքում՝ 2:
Խոշորացված համայնքներից ամենամեծը Ախուրյանն է, տեղի մոտ 45 հազար բնակչությունը ընտրություն է կատարելու 4՝ Ախուրյանի, Ազատանի, Մարմաշենի, Առափիի գործող համայնքապետերի միջև։
25 տարի Ախուրյան խոշորացված համայնքը ղեկավարած Արծրուն Իգիթյանը, լինելով դաշնակցական, այս անգամ ընտրություններին մասնակցում է «Երկիր ծիրանի» ու «Համերաշխություն» կուսակցությունների «Ախուրյան» դաշինքով:
«Ազատության» հարցին` ինչո՞ւ հարազատ կուսակցությունը չի առաջադրել իրեն, Իգիթյանն արձագանքեց. «Այդպես եմ նպատակահարմար գտել, ես գիտեմ, որ Դաշնակցությունով կա, երկրորդը` մեկը բավարար է, մենք իրար հետ խնդիր չունենք, երկուսս էլ պայքարելու ենք, մեզնից ով կարողացավ ավելի շատ ձայն հավաքել, Աստված իրեն հետ»:
Ախուրյանը համայնքներից ամենամեծն է բնակչության թվով: Իգիթյանը չի թաքցնում, որ մրցակիցների համեմատ շահեկան դիրքերում է։ Տեղական ինքնակառավարման համակարգում երկար տարիների իր փորձն է նաև առավելություն համարում։ Մրցակիցներին համարում է իր ընկերները և պնդում, թե նրանց հետ ընտրապայքարը խնդիրներ չի առաջացնի։
«Պայքարը լինելու է ազնիվ, մաքուր, որևիցե ինչ-որ նկատառումներ որևիցե մեկի մոտ ես չեմ նկատում: Ամեն մարդ իր տեսակետն ունի, իր աշխատանքն ունի, իր անցած ճանապարհն ունի, մենք բոլորս առանձին մեզ համար մեր ընտրազանգվածի հետ աշխատելու ենք, պայքարելու ենք: Ով կհաղթի` ես պատրաստ եմ շնորհավորելու», - նշեց նա:
Դաշնակցական մյուս թեկնածուն, ում մասին ակնարկում էր Իգիթյանը, Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է: Վերջինս կմասնակցի «Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքով։ Այս նույն կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքով և ձևավորեցին Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցությունը։
Ընդդիմադիր 3 համայնքապետերն, ըստ շրջանառվող լուրերի, նախնական պայմանավորվածություն ունեն` ընտրություններից հետո կոալիցիա կազմելու և խաղից դուրս թողնելու իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին: Կարեն Արշակյանը պնդում է, որ նման պայմանավորվածություն չկա. «Եթե մեկը կմտածի, որ մենք ունենք պայմանավորվածություն, եթե ունենայինք, երեքով մեկ դաշինքի շուրջ կհամախմբվեինք և կշարունակեինք մեր ընտրապայքարը մեկ դաշինքի շուրջ։ Այդտեղից արդեն լրիվ պարզ է, որ չկա համաձայնություն ինչ-որ երեքի, չորսի կամ հինգի մեջ»։
12 տարի Ազատան համայնքը ղեկավարած Վարդան Իկիլիկյանը
ընտրություններին կմասնակցի «Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները միավորող «Իկիլիկյան» դաշինքով: Թեկնածուն ասում է, որ համայնքի բնակիչներն են առաջարկել, որ ինքը մասնակցի ընտրություններին:
«Որոշեցի առաջադրվել, քանի որ մենք դեռ կիսատ ծրագրեր ունենք իրականացված։ Տեսնում եք, համայնքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդան Իկիլիկյանը։
Նա մեկ տարի է՝ դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից, նորին չի միացել։ Իկիլիկյանը ևս հերքում է կոալիցիա կազմելու և իշխանական թեկնածուին խաղից դուրս թողնելու մասին հնարավոր պայմանավորվածությունը։
«Կոնկրետ ես չունեմ պայմանավորվածություն, մենք՝ յուրաքանչյուրս առանձին գնում ենք մեր թիմերով, եթե հետագայում չի բացառվում ինչ-որ բան մեր համայնքի ժողովուրդների համար, իրանց սրտով կլինի, ի նպաստ կլինի համայնքների զարգացման, միգուցե կոալիցիայի հնարավորություն էլ լինի, բայց էս պարագայում յուրաքանչյուրս պայքարում ենք, որ առանձին առավելագույն ձայներ հավաքենք», - ասաց Իկիլիկյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է 30 տարի Առափի համայնքը ղեկավարող Ալբերտ Այվազյանին: Նախկին ՕԵԿ-ական («Օրինաց երկիր» կուսակցություն), այս պահին անկուսակցական, առաջիկայում էլ ՔՊ-ական («Քաղաքացիական պայմանագիր») թեկնածուն վստահ է, որ 4 քաղաքական ուժերի միջև առողջ մրցակցություն կլինի:
«Մենք իրար անծանոթ մարդիկ չենք՝ բոլոր չորս թեկնածուներս էլ, չորսս էլ աշխատել ենք համայնքի ղեկավար, չորսս էլ իրար շատ լավ ճանաչում ենք, չորսս էլ կարող ուժեր ենք, ժողովուրդը որիս քվեարկեց, թող նա էլ աշխատի համայնքի ղեկավար: Այն, որ մրցակցությունը առողջ կլինի, դա հաստատ համոզված եմ», - ասաց Այվազյանը։
Ի տարբերություն մրցակիցների՝ իշխանական կուսակցության թեկնածուն փոքր՝ մոտ 1700 բնակչություն ունեցող համայնք է ղեկավարում։ Հարցին, թե մտավախություն չունի՞, որ խոշոր համայնքների ղեկավար թեկնածուներն ավելի շահեկան դիրքերում են, Այվազյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, որ իմ շանսերն ավելի քիչ կլինեն, քան՝ մյուս ընկերներինը»։
Մի քանի շաբաթ առաջ մարզկենտրոն Գյումրիի ավագանու ընտրություններում իշխանական ՔՊ-ն պարտվեց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմը ներկայացնող «Բալասանյան դաշինքին»: Քաղաքական պայմանավորվածության արդյունքում, սակայն, փոխքաղաքապետերի երկու աթոռները կզբաղեցնեն հենց ՔՊ-ի ներկայացուցիչները։