Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճական են այսօր քննարկել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը, անդրադարձել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ, շեշտել է Արմեն Գրիգորյանը: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունն այսօր քննարկել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Այսօր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ։
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։
Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։