Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ․ Երևանը հետաքրքրված չէ սահմանների դելիմիտացիայով


«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից դիտավորյալ սադրանքներ։ Սա Հայաստանի ղեկավարության հերթական ռազմական արկածախնդրությունն է»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի ապօրինի այցը ռուսաստանյան խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածք և այստեղ ռազմական նշանակության խորհրդակցություն անցկացնելը, Հայաստանի զինված ուժերի շուրջ 60 հոգանոց անձնակազմի` Լաչինի շրջանի ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհին տեղակայելը, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջաններում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ինտեսնիվ գնդակոծումը վկայում է այն մասին, որ հայկական կողմը դիտավորյալ սրում է իրավիճակը»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Արտգործնախարարությունը նաև պնդում է, թե Հայաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, որ ադրբեջանական այս վերջին հարձակումը ՀՀ տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ:

Ըստ ԱԳՆ-ի` այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի դեմ այն տարածքներից, որոնք ադրբեջանական կողմին էին անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

XS
SM
MD
LG