75 տարեկանում մահացել է Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Գործչի ընտանիքն այդ մասին հայտնում է մահախոսականում, որը շաբաթ երեկոյան հրապարակել է «Չորրորդ իշխանություն» պարբերականը:
Ըստ հարազատների՝ Սիրադեղյանը մահացել է նախօրեին, այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:
1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի դիմեց և մինչ այժմ հետախուզման մեջ էր: