Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում նախատեսվում է ռուս սահմանապահներ տեղակայել, բանակցություններ են ընթանում, հայտնում է ԶՈւ ԳՇ պետը


Ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ, լրագրողներին այսօր տեղեկացրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։

Արտակ Դավթյանը, սակայն չի հստակեցրել՝ խոսքը միայն Գեղարքունիքի՞ սահմանի մասին է, թե՞ նաև Սյունիքի։ Այնուհանդերձ պաշտոնյան համոզմունք է հայտնել, թե ադրբեջանցի զինծառայողները հետ են քաշվելու:

«Վերջնական, երբ որ կլինի և՛ ժամկետի առումով, և՛ կատարման՝ բուն տեխնիկական հարցերով, լրացուցիչ կասվի», - ասաց Դավթյանը։

Ճշտող հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, «քանի որ Դուք վստահ ասում եք, որ լինելու է այդպես», Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանեց․ - «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, որպեսզի հարցնենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակը, որ կա, առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ բանակցություններն ընթանում են Գեղարքունիքի Սոթքից մինչև Սյունիքի Խոզնավար հատվածի շուրջ։

«Բանակցություններ են ընթանում հիմնականում այդ հատվածներում խնդիրը կարգավորելու համար, բայց խնդիրը կարգավորելուց հետո երևի նման անհրաժեշտություն նույնիսկ չի լինի: Այսինքն՝ երբ որ սահմանազատում, սահմանագծումը տեղի ունենա, ապա այդտեղ արդեն կտեղակայվեն, բնականաբար, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները», - նշեց Գրիգորյանը:

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման մասին երեկ Գեղարքունիք մարզպետն էր հայտնել։ Գնել Սանոսյանը վստահեցրել էր, թե ռուս սահմանապահները մոտ ժամանակներս են տեղակայվելու։

Սանոսյան․ - Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում։

«Ազատություն»․ - Ե՞րբ են մեկնարկել այդ բանակցությունները։

Սանոսյան․ - Մանրամասները չեմ կարող ասել, ներողություն։

«Ազատություն»․ - Իսկ քանի՞ օրից պետք է տեղակայվեն ռուս սահմանապահները։

Սանոսյան․ - Մոտ ժամանակներս էդ գործընթացը կավարտեն՝ տեղորոշման և այլն, որից հետո կտեղակայվեն։

«Ազատություն»․ - Կողմերը պետք է հետ քաշվե՞ն դիրքերից։

Սանոսյան․ - Այո։

Արդեն ավելի քան մեկ ամիս Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ներթափանցած ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը որպես իրավիճակի լուծում առաջարկել էր զորքերը երկու կողմերից էլ՝ հայելային եղանակով հետ քաշել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։

Այսօր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ այս պահին խոսքը միայն ռուս սահմանապահների տեղակայման մասին է. միջազգային այլ դիտորդների տեղակայման հարցը դեռևս չի քննարկվել։ Վերջին շրջանում սահմանային միջադեպերն էլ, ըստ պաշտոնյայի, նվազել են։

«Միջադեպերի այն ծավալը, որը նախկինում կար, այս պահի դրությամբ չկա, դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացով, որը շատ ակտիվ գնում է», - նշեց Դավթյանը:

Լրագրողները Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինից փորձել են մանրամասներ պարզել ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, դեսպանը, սակայն հորդորել է սպասել արդյունքներին։

XS
SM
MD
LG