Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ Սյունիքի Սև լճի տարածքում հայտնվել է շրջապատման մեջ, որից կարողացել է դուրս գալ միայն ռուսաստանցի սահմանապահների միջամտությունից հետո, բացահայտ ապատեղեկատվություն է, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ըստ ՀՀ ՊՆ-ի, Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ Սյունիքի Սև լճի տարածքում հայտնվել է շրջապատման մեջ, որից կարողացել է դուրս գալ միայն ռուսաստանցի սահմանապահների միջամտությունից հետո, պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը։
Տելեգրամ ալիքներում էլ տարածվել էին տեղեկություններ, որոնց համաձայն Սև լճի մերձակայքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև և հայ զինծառայողները շրջապատման մեջ են հայտնվել, որը «Արմենպրես»-ի հետ զրույցում ռազմական գերատեսչությունը հերքել էր՝ որակելով որպես «բացարձակ սուտ»։