Մատչելիության հղումներ

Գրեթե նույն արդյունքը կողմերը կարող էին ստանալ և առանց պատերազմի, ընդգծում է դը Վաալը


Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հնարավոր էր խուսափել, ռուսական “Коммерсантъ”-ի հետ զրույցում պնդել է հակամարտությանը քաջատեղյակ փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը։

Վերլուծելով պատերազմից առաջ տեղի ունեցած իրադարձություններն ու այսօրվա վիճակը, դը Վաալը պնդել է՝1994 թվականի հրադադարից հետո ընկած 25 տարին կողմերն ուղղակի վատնել են։

«Պատերազմի ողջ ողբերգությունն այն է, որ իրականում հնարավոր էր այս իրավիճակին շատ մոտ արդյունքի հասնել առանց արյունահեղության, առանց 8 հազար մարդու կյանք կորցնելու։ Մինսկի խմբում կար շրջանակային փաստաթուղթ, և, թերևս, մեղքը երկու կողմինն է, որ դրանով լրջորեն չզբաղվեցին ու իրար ընդառաջ քայլեր չարեցին», - ասում է Թոմաս դը Վաալը՝ հավելելով, - «Սա Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն էր, որ ընտրություններում ժողովրդավարական հաղթանակի տեսքով առավելություն ունենալով՝ այնքան քիչ բան արեց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Տպավորություն էր, որ մինչ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր միայն ներքին հարցերով»։

Մյուս կողմից, ասել է նա, միջազգային հանրությունը նույնպես առավելագույնը չի արել ղարաբաղյան խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորելու համար․ - «Արևմտյան երկրների թույլ տեղն այն էր, որ նրանք միշտ պատրաստ էին քննարկել այդ հարցի քաղաքական կողմը, բայց անվտանգության հարցը՝ ոչ։ Այս հակամարտությունը հնարավոր չէր կանգնեցնել առանց խաղաղապահ ուժերի, ինչն էլ տեղի ունեցավ անցած տարի։ Միակ երկիրը, որը պատրաստ էր իրականում այդ խաղաղապահ ուժերը տրամադրել, Ռուսաստանն էր»։

Դը Վաալը նշել է, որ ինչպես առաջին պատերազմից հետո, այսօր էլ ակտիվ շփումների մեջ է թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ և տպավորություն ունի, ասես Բաքուն հիմա որդեգրել է հայերին առավելագույնս ճնշելու ռազմավարություն՝ «քանի դեռ Մոսկվան Բաքվին այս հարցում չի խանգարում» տրամաբանությամբ։

Այսօր, նրա համոզմամբ, Երևանի և Բաքվի տարաձայնություններից հիմնականը այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է։ Նրա կարծիքով՝ Մոսկվան առանց ավելորդ աղմուկի փորձում է այս հարցում փոխզիջումային տարբերակ գտնել։

«Բաքուն և Երևանը պատերազմ չեն ուզում, բայց այն պետք չէ բացառել»

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ

“Газета"-ն էլ հոդված է հրապարակել «Հնարավոր է Ռուսաստանի ներքաշում. արդյո՞ք Բաքուն և Երևանը կրկին պատերազմելու են Ղարաբաղի համար» խոսուն վերնագրով։ Անդրադառնալով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությանը՝ ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը պարբերականին ասել է, թե Բաքուն և Երևանը այսօր նման զարգացում չեն ուզում, բայց դա չի նշանակում, որ նոր պատերազմի հավանականությունը պետք է բացառել․ այն կարող է սկսվել ներքին ճգնաժամերի կամ երրորդ կողմի՝ Թուրքիայի միջամտության պատճառով։

«Ղարաբաղն այսօր ունի Ռուսաստանի պրոտեկտորատի ժամանակավոր կարգավիճակ, որի երկարաձգումը հեշտ չի լինի»

Մոսկովյան «Քարնեգի» հիմնադրամի տնօրեն Դմիտրի Տրենին, արխիվ
Մոսկովյան «Քարնեգի» հիմնադրամի տնօրեն Դմիտրի Տրենին, արխիվ

Մոսկովյան «Քարնեգի» կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը հետազոտություն է հրապարակել Ղարաբաղյան պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքները վերլուծող «Փոթորիկ Կովկասում» գրքին, որը պատրաստել է Ռուսաստանի հեղինակավոր փորձագիտական կառույցներից մեկը՝ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը։

2020 թվականի նոյեմբերին համաձայնեցված ռուս խաղաղապահների հնգամյա մանդատը, Տրենինի կարծիքով, նշանակում է որ Ղարաբաղն այսօր ունի Ռուսաստանի պրոտեկտորատի ժամանակավոր կարգավիճակ։ Սակայն այս կարգավիճակի երկարաձգումը, ռուս վերլուծաբանի պնդմամբ, հեշտ չի լինի, առավել ևս՝ ավտոմատ չի լինի։

«Բաքուն այսօր իր իրական դաշնակից Անկարայի հետ միասին փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի Ղարաբաղն ամբողջությամբ վերադարձնի իր վերահսկողության տակ։ Այսպիսով, ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում ի սկզբանե անկայուն է։ Այս պայմաններում Ռուսաստանի քաղաքականությունը, որն ուղղված է դաշնակից Հայաստանի և գործընկեր Ադրբեջանի միջև հավասարակշռության երկարաժամկետ պահպանմանը, կարող է չաշխատել», - նշել է Տրենինը։

Իրատեսական չէ, որ Ռուսաստանին կհաջողվի պահպանել իր՝ հակամարտության գոտում իրավիճակը վերահսկող դատավորի դերը, եզրակացնում է Մոսկվայի «Քարնեգի» կենտրոնի տնօրենը և հավելում, որ ստեղծված փխրուն իրավիճակում Կրեմլին անհրաժեշտ է նոր ռազմավարություն մշակել Հարավային Կովկասում ու նախ և առաջ հասկանալ՝ ինքը՝ Ռուսաստանը ինչի՞ է ձգտում հասնել և ի՞նչ նպատակներ ունի այս տարածաշրջանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG