Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը` Շուշիի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպը:
«Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով», - նշված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, 22-ամյա Մարտին Երեմյանը մահացել է, 31, 41 ու 43 տարեկան քաղաքացիներն այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում են։
Հայկական կողմը հիշեցնում է, որ սա ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Ըստ ԱԳՆ-ի` Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական «հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը» բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։
Ղարաբաղյան պատերազմում հրադադարի առաջին տարելիցի առիթով այսօր Ադրբեջանը Հայաստանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններով է հանդես եկել, մյուս կողմից էլ խաղաղության կոչեր է հնչեցրել: