Մատչելիության հղումներ

Թուրքական և ռուսական աղբյուրները հաղորդում են Սիրիայում Թուրքիայի հնարավոր մոտալուտ հարձակման մասին


Թուրքական բանակի զինծառայողներ և ռազմական տեխնիկա Սիրիայի սահմանի մոտ, արխիվ
Թուրքական բանակի զինծառայողներ և ռազմական տեխնիկա Սիրիայի սահմանի մոտ, արխիվ

Թուրքիան ավելի քան 30 հազար զինվոր է կենտրոնացրել սիրիական սահմանի մոտ, բանակը կազմ ու պատրաստ սպասում է հարձակման հրամանի՝ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների հետ կապված հարցը վերջնականապես կարգավորելու համար, հայտնում են թուրքական աղբյուրները։

Ռուսական РИА “Новости”-ն էլ երեկ, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, թե թուրքական բանակը՝ իրեն հավատարիմ սիրիական կազմավորումների հետ միասին, կարող է արդեն այսօր ռազմական գործողություն սկսել արաբա-քրդական ստորաբաժանումների դեմ:

Թուրքական հնարավոր հարձակումը Սիրիայում հակասում է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի շահերին, սակայն պաշտոնական Մոսկվան շատ զգույշ է Թուրքիայի հետ հարաբերություններում և կտրուկ հայտարարություններ չի անում։

Ռուսական պետական լրատվական գործակալությունն, այդուամենայնիվ, հաղորդում է, որ Թուրքիան Սիրիայում երկու ռազմական օպերացիա է նախապատրաստում․ մեկը՝ հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում, երկրորդը՝ հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասակա նահանգում: Գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի, առանց նախնական հայտարարության:

Ռազմական հարցերով փորձագետները կարծիք են հայտնում, որ Սիրիայի տարածքում հերթական ռազմական գործողություններ սկսելուց առաջ Անկարան դրանք քննարկել է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի հետ, սակայն հայտնի չէ՝ պայմանավորվե՞լ է այս հարցերի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, թե՞՝ ոչ։

Իտալիա - ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպումը Հռոմում Մեծ քսանի գագաթնաժողովի շրջանակում, 31-ը հոկտեմբերի, 2021թ․
Իտալիա - ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպումը Հռոմում Մեծ քսանի գագաթնաժողովի շրջանակում, 31-ը հոկտեմբերի, 2021թ․

Հստակ է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհել էր այն աջակցությունից, որ Վաշինգտոնը տրամադրում է քրդերին։ «Ես նախագահ Բայդենին փոխանցեցի, որ մեզ տխրեցնում է այն օգնությունը, որ ստանում են Սիրիայում քրդական խմբավորումները Միացյալ Նահանգներից, և մենք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, մեր դժգոհությունն ու վերաբերմունքն ենք արտահայտել այս կապակցությամբ», - ասել է Էրդողանը։

Ակնհայտ է, որ ուժեր կենտրոնացնելով և ռազմական ծրագրեր գծելով Սիրիայում՝ Էրդողանը կսրի հարաբերությունները նաև Մոսկվայի հետ, որը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ու ողջ երկիրը վերահսկողության տակ առնելու նրա ծրագրերին։

«Ռուսաստանը առաջիկայում կհայտնվի Սիրիայի և Թուրքիայի անմիջական հակամարտության մեջտեղում. Մոսկվան Դամասկոսի հետ պայմանագիր ունի, ուստի օդից կաջակցի թուրքական կազմավորումների դեմ սիրիական զինված ուժերի մարտական գործողություններին», - РИА “Новости”-ին ասել է քաղաքագետ Անդրեյ Չուպրիգինը։

Փորձագետները համոզված չեն, որ Էրդողանին այս անգամ էլ կհաջողվի պայմանավորվել Մոսկվայի հետ, հատկապես որ բացի Սիրիայից ռուս-թուրքական հարաբերություններում այսօր առկա է ևս մեկ ցավոտ թեմա՝ թուրքական «Բայրաքթար»-ները Ուկրաինայում։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բադնարը երեկ հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի լայնածավալ արտադրություն սկսել Ուկրաինայում։ Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի տարածքում արտադրության համար հզորություններ չկան, ուստի հետաքրքրություն կա նոր գործարաններ բացել այլ երկրներում։ Մոտ ժամանակներս էլ Ուկրաինայում պետք է ստեղծվի թուրքական դրոնների վերանորոգման կենտրոն, զուգահեռ, դեսպանի խոսքով, կազմակերպվելու է նաև բուն արտադրությունը։ Բոդնարը հայտարարել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, և հավակնոտ գաղափարը հնարավոր կլինի իրականացնել մի քանի ամսվա ընթացքում։

Մոսկվան թեև շատ զգույշ, բայց չափազանց ցավոտ է արձագանքում թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությանը՝ հատկապես հոկտեմբերի 26-ից հետո, երբ ուկրաինական բանակն առաջին անգամ օգտագործել էր թուրքական «Բայրաքթար»-ը Դոնբասում։

Թեման ակտիվորեն քննարկվում է դաշնային հեռուստաընկերությունների եթերում, երկու օր առաջ էլ ռուս լրագրողներից մեկն այս մասին ուղիղ հարց էր տվել Թուրքիայի արտգործնախարարին, Մևլութ Չավուշօլուն էլ պնդել էր, թե Թուրքիան պարզապես զենք է վաճառել է Կիևին և որևէ պատասխանատվություն չի կրում նրա համար, թե ինչպես են ուկրաինական ուժերը դրանք օգտագործում Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի դեմ։

Հարաբերությունները հարթ չեն նաև «Գազպրոմ»-ի և թուրքական ընկերությունների միջև։ “Интерфакс”-ը, մասնավորապես, գրում է, թե թուրքական մասնավոր ներկրողների և ռուսական գազային հոլդինգի միջև արբիտրաժային վեճի պատճառով մատարակարումների հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, և այժմ Թուրքիայում օրական կտրվածքով 25 միլիոն խորանարդ մետր գազի պակասորդ կա։

Թերևս Հարավային Կովկասն է մեկն այն եզակի հարթակներից, որտեղ Մոսկվան ու Անկարան գոնե հրապարակավ չունեն տարաձայնություններ և միասին առաջ են տանում նախաձեռնությունները, օրինակ՝ «3+3» մեխանիզմի գաղափարը։

XS
SM
MD
LG