Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ու ոչ ներգաղթային ուղևորներից կպահանջվի ամբողջական պատվաստում Նահանգներ մեկնելու համար


ԱՄՆ մեկնող քաղաքացիները նոյեմբերի 8-ից ամբողջությամբ պետք է պատվաստված լինեն։ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխհյուպատոս Քեյթլին Օ’Բրայենը (Kathleen O’Brien) պարզաբանում է՝ նոր փոփոխությունը վերաբերելու է ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ու ոչ ներգաղթային ուղևորներին։ Ըստ փոխհյուպատոսի՝ կլինեն նաև որոշ բացառություններ։

«Նոյեմբերի 8-ից ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ու ոչ ներգաղթային ճամփորդողներից կպահանջվի ունենալ ամբողջական պատվաստում Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։ Սակայն, կլինեն բացառություններ, այդ թվում՝ 18-ից փոքր ճամփորդողների համար, այն մարդկանց համար, որոնք բժշկական ցուցումով չեն կարող պատվաստվել, բացառություն կարող է լինել նաև այն քաղաքացիների համար, որոնք հրատապ գործով ուղևորվել են ԱՄՆ և ժամանակ չեն ունեցել պատվաստվելու», - հայտնեց նա։

ԱՄՆ-ն ընդունում է այն պատվաստանյութերը, որոնք հաստատված են Միացյալ Նահանգների պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, դրանց թվում` Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերը։ Միացյալ Նահանգներ մեկնողները բացի պատվաստման ամբողջական սերտիֆիկատից, պետք է նաև կորոնավիրուսի ՊՇՌ բացասական թեստ ներկայացնեն, որն արվել է 3 օրվա ընթացքում մինչ Նահանգներ ժամանելը։

«ԱՄՆ մուտք գործող բոլոր ճամփորդողներին մենք խորհուրդ ենք տալիս կորոնավիրուսի թեստ հանձնել նաև ժամանումից 3-ից 5 օր անց։ Ուշադիր լինեն իրենց վիճակին, քովիդի ախտանշաններ ունենալու դեպքում ինքնամեկուսացվեն և վերաթեստավորվեն», - նշեց փոխհյուպատոսը։

Եվրոպական երկրները Հայաստանից մեկնողների համար նոր սահմանափակումներ են սահմանում

Օրեցօր վատթարացող համաճարակային իրավիճակի ֆոնին` եվրոպական երկրները սկսում են Հայաստանից մեկնողների համար նոր սահմանափակումներ մտցնել։ Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատունն այսօր հայտնեց, որ Հայաստանը բարձր ռիսկի գոտու երկրներից ցանկում է հայտնվել. «Նիդեռլանդներ մուտք գործելիս քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան, եթե պատվաստված չեն, և տրամադրեն բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված են»։ Հոլանդիան ընդունում է Հայաստանում կիրառվող «Մոդեռնա» և «ԱստրաԶենակա» պատվատանյութերը։

Եվրոպական մյուս երկրների, մասնավորապես Ֆրանսիայի ու Գերմանիայի համար Հայաստանը դեռ ռիսկային գոտում է։ Ֆրանսիա մեկնող չպատվաստված հայաստանցիները պետք է բացասական թեստ ներկայացնեն ու 7 կամ 10 օր ինքնամեկուսանան։ Իսկ Գերմանիա մեկնողների համար պարտադիր է բացասական թեստի առկայությունը, կամ պատվաստված լինելը, կամ էլ վիրուսից ապաքինված լինելը:

Եվրոպական երկու երկրներ մեկնող քաղաքացիները կարող են պատվաստված լինել Հայաստանում կիրառվող «Մոդեռնա» և «ԱստրաԶենկա» պատվաստանյութերից որևէ մեկով։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG