Մատչելիության հղումներ

«Գեթ մեկ մարդ չի կարա ասի՝ ընտրակաշառք եմ առաջարկել, ուզում են սևացնեն». Գագիկ Առուշանյան


Գորիսում ավագանու ընտրությունների ավարտից հետո էլ կրքերը չեն մարում։ Իշխանությանը կալանավայրից հաղթած Առուշ Առուշանյան դաշինքի թեկնածուներին ու աջակիցներին տասնյակներով ոստիկանություն են տանում, ասում է դաշինքի ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի փաստաբանը։

«Սա բացարձակ տերոր է, երեկ ամբողջ օրը ես նշված անձանց հետ, որոնք 33 հոգի են, մասնակցել եմ հարցաքննությունների իմ մյուս գործընկերոջ հետ միասին, մեկ օրվա ընթացքում հարցաքննել են 33 անձի», - ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Առուշանյանի աջակիցներին հարցաքննության են տանում ընտրությունների նախորդ օրը հարուցված ընտրակաշառքի գործով։ Առուշանյանը կալանավորված է հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարած ընտրական խախտումների մեղադրանքով։

Նոր գործի մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնում։ Առուշանյանի փաստաբանն է մանրամասնում՝ դատարանի որոշման մեջ նշված է, որ գործը հարուցվել է Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ։ Գագիկ Առուշանյանը որդու գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է։

«Իբրև ընտրակաշառքներ է բաժանել, որը իրականության հետ ուղղակի բացարձակապես աղերս չունի։ Առուշանյանի հորեղբոր տղաներին են կանչում, տրամաբանությունը ո՞րն է, մարդը հենց այդպես էլ գրել է իր ցուցմունքի մեջ՝ գժվե՞լ եք դուք, ասում է, Գագիկ Առուշանյանը իմ հորեղբայրն է, Առուշ Առուշանյանը իմ եղբայրն է, մենք նույն անկողնում ենք մեծացել, այսինքն Գագիկ Առուշանյանը ինձ պետք է ընտրակաշառք տա՞ր, որ ես գնայի իմ եղբորն ընտրեի՞։ Ծիծաղելի է, չէ՞, էս ամեն ինչը», - ասաց փաստաբանը։

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ինը համայնքներում ընտրություններ են անցկացվել, ըստ դատախազության՝ ընտրական հանցագործությունների մասին 32 ահազանգ է ստացվել։ 5 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 26 ահազանգ ստուգվում է։ Միայն Գորիսի դեպքով է քրեական գործ հարուցվել։

Գագիկ Առուշանյանը գործով դեռ որևէ կարգավիճակ չունի, մինչ այս պահը հարցաքննության էլ չի հրավիրվել։ Պնդում է՝ չեն կարող ընտրակաշառքի մեկ փաստ գտնել, ընտրությունների նախօրեին հարուցված քրեական գործը իշխանության հիմնական մրցակցին ճնշելու, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով է։

«Ուզում են սևացնեն, բաց չի ստացվի իրանց մոտ, դա հերթական շանտաժն է, դա տանուլ տվողի հոգեբանությունն է, չի կարող ինքը համակերպվի, որ ինքը տանուլ է տվել։ Գոնե մեկ մարդ չի կարող գալ, կանգնել ասել՝ ինձ առաջարկել են, ոչ թե տվել են, առաջարկել են, չի կարող նման բան լինել», - ասաց Առուշանյանը։

Ընտրությունների օրը ոստիկանությունը խուզարկություն էր կատարել «Առուշ Առուշանյանի» նախընտրական շտաբում ու մի քանի ժամ փակել մուտքը։ Սյունիքում դիտորդական առաքելություն իրականացնող Դանիել Իոաննիսյանն ահազանգեր է ստացել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճակատի կատարած ենթադրյալ ընտրախախտումների մասին, բայց իրավապահները ոչ բոլորի հետքերով են գնում, սա է խնդրահարույց, ասում է Իոաննիսյանը։

Հիշեցնում է՝ Սյունիքի Տեղ գյուղից ահազանգ են ստացել, թե ընտրակաշառք է բաժանել իշխանական թեկնածուներից մեկի եղբայրը, և սա միակ ահազանգը չի եղել։

«Մենք իշխանության վարքագծում տեսնում ենք թերացում Տեղ համայնքում տեղի ունեցածը պատշաճ քննության առումով, բայց չենք տեսնում որևիցե խնդիր այն մասով, թե ինչ են իրենք անում Գորիսում, որովհետև Գորիսում բաժանվել է ընտրակաշառք, մենք դրա մասին ունենք արժանահավատ տեղեկություններ», - ընդգծեց Իոաննիսյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորած Վլադիմիր Աբունցը, որ երկու անգամ պակաս քվե է ստացել Առուշանյանից, չցանկացավ արձագանքել Գագիկ Առուշանյանի մեղադրանքներին։ Ասաց՝ տեղյակ չէ, ում ինչի համար են ոստիկանություն տանում։

«Ես գիտեմ, որ խախտումներ եղել են, բայց չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, իրավապահ մարմիններ են զբաղվում դրանցով։ Ո՞վ է ասում՝ վախի մթնոլորտ է ստեղծվել, ոչ մի վախի մթնոլորտ էլ չի ստեղծվել։ Եղել են խախտումներ, արձանագրվել է, բայց պատասխանները չկան, ես չեմ կարող ասել», - ասաց Աբունցը։

Գորիսում ժողովրդավարակա՞ն ընտրություններ են եղել, իշխանական պարտված թեկնածուն դժվարանում է գնահատել։ Ընտրությունների վերջնական արդյունքից հետո կասի։

Շուրջ երեք ամիս կալանավայրում գտնվող Առուշ Առուշանյանը Գորիսի գործող քաղաքապետն է։ Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG