Մատչելիության հղումներ

Իշխանությունը չի մեկնաբանում տեղեկությունը, թե Հայաստանը փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ, ընդդիմությունն անհանգստացած է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ծավալուն ելույթ ունեցավ՝ առանց անդրադառնալու տեղական և ռուսական լրատվամիջոցում արդեն մի քանի օր շրջանառվող լուրերին, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը նոր փաստաթղթեր են ստորագրելու։

Փաշինյանը եկավ և հեռացավ լրագրողների համար անհասանելի հատվածով, պատգամավորիների հարցերին ևս չպատասխանեց։ Մեկնաբանությունից հրաժարվեց նաև նրա մամուլի խոսնակը։ Մանե Գևորգյանը հղում արեց արտաքին գերատեսչության շաբաթօրյա հայտարարությանը, թե Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների տարբեր առաջարկներ քննարկվում են։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներին, ապա նրանք կա՛մ հրաժարվում են խոսել այս մասին, կա՛մ ասում, որ տեղեկություն չունեն։ «Քաղաքացիական պայմանագրից» Հրաչյա Հակոբյանը հորդորում է սպասել պաշտոնական հաղորդագրությանը:

«Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ես այս պահին չգիտեմ, բայց քննարկումները, այո, շարունակվում են», - ասաց Հակոբյանը:

«Ազատության» հարցին՝ պատգամավորները տեղեկություն ունե՞ն, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Ես չունեմ տեղեկություն, որովհետև վերջին մեր խմբակցության նիստի ժամանակ, թե դրանից մեկ օր առաջ Մհեր Գրիգորյանը հանդիպել էր և դրանից հետո դեռ առիթ չենք ունեցել հանդիպել և քննարկել այդ հարցը, այնպես որ այս պահին տեղեկություն չունեմ»:

Իսկ թե անհանգստացած չէ՞, որ կառավարությունը կարող է առանց պատգամավորներին տեղեկատվություն տալու նման մասշտաբի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Անհանգստացած չենք, որովհետև մեր հարցերը մշտապես ուղղում ենք կառավարության անդամներին և ստանում մեզ հուզող հարցերի պատասխանները և մեզ այդ հարցերի պատասխանները բավարարել են մինչ այսօր, որովհետև որևէ անհանգստության առիթ, ըստ մեզ տրված պատասխանների, մենք չունենք: Սպասում ենք կառավարության կողմից մեզ ներկայացվող փաստաթղթի բովանդակությանը, այս պահին ինչ են ներկայացնում այլ լրատվամիջոցներ, այլ երկրների լրատվամիջոցներ, չեմ ցանկանում մեկնաբանել»:

Ընդդիմադիրներն էլ մամուլից են տեղեկացել հնարավոր փաստաթղթի մասին։ Ի տարբերություն իշխանականների՝ նրանց այս հրապարակումները անհանգստացրել են։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասում է՝ չեն սպասելու պաշտոնական հաղորդագրություններին ու գնալու են ոչ թե պոստ ֆակտում քննադատելու, այլ կանխելու ճանապարհով։

«Անգամ նույնիսկ բանակցային եթե ինչ-որ պրոցես է գնում, դա պետք է լինի հրապարակային կամ առնվազն հիմնական քաղաքական դերակատաների, հասարակության հիմնական անձանց, սփյուռքի հիմնական դերակատարների ներգրավում պետք է տեղի ունենա: Չի կարող իշխանությունը իր այս թաքուն կեցվածքը շարունակել», - ընդգծեց Մինասյանը:

Ուրբաթ օրը «Ալիք մեդիան» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։

«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները»,- հայտնում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկրորդ փաստաթուղթն էլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։

Հոդվածի հեղինակ Թաթուլ Հակոբյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր. «Ես չեմ բացառում, որ կարող է վերջին պահին մի դետալի պատճառով այդ հանդիպումը չկայանալ: Ես չգիտեմ, թե ինչ դիմադրություն է մնացել հայկական կողմից, որպեսզի նա կարողանա «ոչ» ասել, այս փաստաթղթին», - ասաց Հակոբյանը:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանն ասում է՝ բաց աղբյուրներից ուսումնասիրել են 1920-ականներից մինչև Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածի քարտեզները։ Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ շտապողականությունը վտանգավոր է հայկական կողմի համար և այստեղ խորքային մասնագիտական վերլուծության կարիք կա:

«Անունն այլ բան է, թե ինչ է դրա անունը կամ ինչ նպատակ ունի՝ պայմանական խաղաղության մասին փաստաթուղթ, այլ բան է, թե ինչ է դրա բովանդակության մեջ ներառված, դրա համար մեր գլխավոր խնդիրն է նաև այս քննարկումների արդյունքում իրականում հասկանալ, թե իշխանությունն ինչ մոտեցում է որդեգրել, ինչ սկզբունքներով է առաջնորդվում և ինչ հաշվարկներ են դրանց հիմքում», - նշեց Աբրահամյանը:

Ընդդիմադիրները կարևոր են համարում, որ իրենց պահանջած փակ հանդիպումը ուժային կառույցների ղեկավարների հետ կայանա և իրենք ստանան այս բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ այս հարցում իշխանական կողմի անգործությունը մտահոգիչ են ազդանշան են համարում։

XS
SM
MD
LG