Ազգային ժողովն այսօր ձայների 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին կառավարության նախագիծը։
Նախագծով առաջարկվում է հունվարի 2,3,4,5 և 7-ը հանել տոնական օրերի ցանկից։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր, թե գործող կարգավորումները Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր։ Խրախճանքի տասնօրյակ է երկրում հայտարարվում, ասում էր Քերոբյանն ու դա անթույլատրելի համարում։
Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը:
Գործող օրենքի համաձայն, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնությունը, իսկ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր` Մեռելոցը նշվում է հունվարի 7-ին, և այս բոլոր օրերը ոչ աշխատանքային են։