Կառավարության նիստին այսօր որոշվեց հունվարի ամանորյա տոների միանգամից 5 օր դարձնել ոչ աշխատանքային, սակայն նաև պայմանավորվեցին, որ սա վերջնական որոշում չէ, հարցի շուրջ քննարկումները շարունակվելու են։
«Պայմանավորվենք, որ հանգիստ, հանդարտ պայմաններում հարցը մտցնելու ենք օրակարգ, և բոլոր փաստարկները ստուգում ենք, բոլոր հաշվարկներն անում ենք, բոլոր կարծիքները լսում ենք և ըստ այդմ կայացնում ենք մի որոշում, որը պետք է մեր նպատակադրումներին առավելագույնս ծառայի», - նշեց վարչապետ Փաշինյանը:
Մինչ այս որոշումն այսօր կառավարության նիստին հարցը երկար քննարկվեց։ Հունվարի տոնական օրերի քանակը կրճատելու օրինագիծը կառավարություն էր բերել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը գործադիրում աշխատում է մոտը 4 ամիս, մինչ այդ աշխատել է հիմնականում բիզնես ոլորտում։ Այդքան երկար արձակուրդ ունենալը վնասում է տնտեսությանը, վստահ է նախարարը։
«Այս նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ կայացմանը, այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր Հայաստանի տնտեսական կյանքից ըստ էության ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի 10-օրյակ է մեր երկրում հայտարարվում: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը չեն կարող թույլ տալ նման շռայլություն, և մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել», - նշեց նախարարը:
Հունվարի 2, 3, 4, 5 և 7 աշխատանքային դարձնելու դեպքում արդյունքը դրական է լինելու, վստահ է նախարարը. աճելու է համախառն ներքին արդյունքը, երկիրն ավելի գրավիչ է դառնալու ներդրումներ կատարողների համար, քանի որ տարածաշրջանում բոլորն անցել են կարճ Ամանորի Ռուսաստանից բացի: Նախարար խոսքով՝ իրենց առաջարկի հիմքում ծավալուն ուսումնասիրություններ են։
Գործադիրում, սակայն, բոլորը չէ, որ կիսում էին այս տեսակետը։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը համաձայն չէ նախագծի ընդունմանը այս տեսքով։
«Աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովվում և այս 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումն էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը, որը թեև նախաձեռնող նախարարությունը ներկայացրել է, որ հանգստյան օրերի քանակով Հայաստանը գերազանցում է մի շարք երկրների, նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում՝ մեր միջին երկրների մակարդակի գործող կարգավորումներով», - ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Առաքելյանը նաև նկատում է՝ շատ երկրներում ընդունված է մարդկանց լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր տալ, երբ որևէ տոնական օր շաբաթ կամ կիրակի է լինում, մի բան, որ չի արվում Հայաստանում, արդյունքում տարվա կտրվածքով Հայաստանի քաղաքացիների ոչ աշխատանքային օրերը քանակը մեծ չէ: Նա նաև այլ կերպ է հակադարձում Քերոբյանին՝ իսկ ոչ աշխատանքային օրերին ՀՆԱ չի՞ ստեղծվում։
«Բնական է, որ առևտուրն ու ծառայությունները ոչ աշխատանքային օրերին ավելի շատ համախառն ներքին արդյունք են թողարկում՝ հանգիստ, հյուրանոցներ, առևտուր: Պարզ ասած՝ Նոր տարվա օրերն ինչքան երկար են, այնքան առևտուրը շատ է լինում, մարդիկ ավելի շատ են գնում հանգստյան տուն», - ասաց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը:
«Իհարկե, մի կողմից Դուք ճիշտ եք, բայց մյուս կողմից էլ ես կարող եմ ասել, որ բազմաթիվ ռեստորաններ են փակ, խանութներն են փակ այդ օրերին, և ընդհանրապես ամեն ինչը կանգնած է», - արձագանքեց էկոնոմիկայի նախարարը:
Այն երկրները, որոնց Հայաստանը ձգտում է նմանվել, իրենց ամանորյա նման երկար արձակուրդի շռայլություն թույլ չեն տալիս, նկատեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը. «Մենք ընդունենք՝ տեղափոխելով քննարկումները Ազգային ժողով, որտեղ նաև մեր մյուս գործընկերներն էլ կարող են ներկա լինել, և այս հարցը մինչև աշուն լուծած ունենանք արդեն, բոլորի համար ընդունելի, բայց միևնույն ժամանակ, իներցիայից զերծ մնալու տրամաբանությամբ»:
Քննարկենք առանց խուճապի, ամփոփեց Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ կարևոր է առաջիկա ամիսներին պարզել այս հարցում հանրային տրամադրությունը։
«Ազատության» փոքրիկ հարցման ամենատարածված արձագանքներից մեկն այսպիսին էր՝ «եթե աշխատանք լինի, պատրաստ ենք աշխատել ցանկացած օր»։
Մեզ հանդիպած շատ քաղաքացիներ նշում էին, որ հունվարյան արձակուրդը երկար են համարում, դեմ չեն կրճատելուն, շատերն էլ նշում էին, որ իրենք այսպես թե այնպես աշխատում են անկախ քանի ոչ աշախտանքային օր ամրագրված կլինի օրենքով։
Հունվարին 7 օր հանգստանալու կողմնակիցների ևս հանդիպեցինք։