Մատչելիության հղումներ

Կառավարությունը ցանկանում է հունվարի 2,3,4,5 և 7-ը հանել տոնական օրերի ցանկից․ նախագիծը հավանություն ստացավ


Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, համաձայն որի հունվարի 2,3,4,5 և 7-ը կհանվեն տոնական օրերի ցանկից։

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ գործող կարգավորումները Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում, նրա բնորոշմամբ, խրախճանքի տասնօրյակ է երկրում հայտարարվում, որն անթույլատրելի է։

«Այսօրվա Հայաստանը, Հայաստանի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, գործարարները բիզնեսը չեն կարող թույլ տալ նման շռայլություն։ Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով, կամ մոտ 1,5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47․5 միլիարդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 միլիարդ դրամով, ծառայությունների թվարկման ծավալը կավելանա 33․9 միլիարդ դրամով և այլն, սրանք չափից ավելի նշանակալից թվեր են, որպեսզի մենք թույլ տանք հրաժարվել այս օրերին աշխատելուց», - հայտարարեց նախարարը։

Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց՝ դեմ է նախագծին՝ նշելով, որ այս 5 աշխատանքային օրերի կրճատումը նվազեցնում է աշխատողների հանգստյան օրերի թիվը տարվա կտրվածքով։ Նա առաջարկեց աշխատանքային դարձնել միայն հունվարի 4,5,7-ը։

Վարչապետն առաջարկեց հարցն այսօր մտցնել օրակարգ ու հանգիստ պայմաններում լսել բոլոր կարծիքները։ Ի դեպ Մեսրոպ Առաքելյանը միակն էր, որ դեմ քվեարկեց նախագծին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG