Թող քննեն քրեական գործը, եթե մեղավոր լինեմ, ապա կպատժվեմ, անդրադառնալով պետական գաղտնիք հրապարակելու հատկանիշներով իրեն առաջադրված մեղադրանքին` «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նա չմանրամասնեց՝ արդյոք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ։
Մովսես Հակոբյան - Քրեական գործը հարուցել են, թող քննեն, եթե մեղավոր լինեմ, կպատժվեմ…
«Ազատություն» - Դուք արդյոք պետական գաղտնիք հրապարակե՞լ եք, թե՞ ոչ` ըստ Ձեզ։
Մովսես Հակոբյան - Ես քննիչին բացատրություն տվել եմ։
Երեկ հայտնի դարձավ՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Փաշինյանի իշխանությանը պարբերաբար քննադատող Հակոբյանը չի շտապում քրեական գործի հարուցումը քաղաքական հետապնդում որակել, ասում է՝ ինքը քաղաքական գործիչ չէ: Հարցին` չի՞ կապում իշխանությունների հանդեպ քննադատության հետ այս քրեական գործը, ասաց. «Ես չեմ քննադատել, ես թերություններն եմ ասել: Ես ուրիշի տեղը մտածել չգիտեմ»:
Հարուցված քրեական գործն առնչվում է Մովսես Հակոբյանի՝ 44-օրյա պատերազմից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված հայտարարություններին։ 2017-ից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանի կողմից նշանակվել էր Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում։ Այդ պաշտոնը Հակոբյանը լքեց 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 18-ին, և հաջորդ օրն իսկ հրավիրեց մամուլի ասուլիս, որի ընթացքում մեղադրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմում պարտության համար. «Դե մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը»:
Նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միևնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար:
Ավելի վաղ ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել։ Նախաքննական մարմնից այսօր «Ազատությանը» հայտնեցին` դեռ նախաքննություն է ընթանում, այդ քրեական գործով որևէ մեղադրյալ չկա։ Հակոբյանն ավելի ուշ հերքել էր իր պնդումների մի մասը` մասնավորապես ասելով, որ սպառազինության գնման պլանը, այդուհանդերձ, նոր իշխանության կողմից չի փոխվել։