Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ


Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով մեղադրվող Դավիթ Գալստյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը, զինամթերք մատակարարող ընկերության տնօրենը կմնա կալանքի տակ։

Այս գործով Դավիթ Գալստյանից բացի մեղադրյալ է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Գործով մեղադրյալ է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանի պնդմամբ՝ ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն կարող պատասխանել՝ պիտանի են ձեռք բերված հրթիռները, թե ոչ, հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ են պետք, սակայն փաստաբանն ասում է՝ մինչ օրս փորձաքննություն չի իրականացվել։

«Այսօր, ի զարմանս մեզ, նախաքննության մարմինը մեզ հայտնեց, որ փորձաքննությունը թողնվել է անկատար և, ըստ էության, չգիտեմ նոր փորձաքննություն կլինի, թե չէ, համենայն դեպս, եթե նման փաստաթղթեր կան, պարտավոր են մեզ ծանոթացնել, մենք վաղն այդ մասին միջնորդություններ կներկայացնենք։ Բայց ունենք հետևյալը՝ զինամթերքն, ըստ նախաքննության մարմնի, դատարանում և ի լուր աշխարհի հայտարարում են, որ անպիտան է, ընդունում են, որ դրա անպիտան լինելու հարցը հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարց է, նշանակում են փորձաքննություն և այսօր պարզվում է, որ փորձաքննությունը թողել են անկատար», - ասաց Հարությունյանը։

Պաշտպանի խոսքով՝ այդ հրթիռները Գալստյանի ղեկավարած ընկերությունից գնել է ոչ միայն Պաշտպանության նախարարությունն, այլև այլ երկրներ. «Այդ ամբողջ փաստաթղթային բազան կա ու եթե դրանք անպիտան էին, ինչպե՞ս է ստացվել, որ բացարձակ օրինական հիմքերով Հայաստանի Հանրապետությունից մատակարար ընկերությունը վաճառել է այլ երկրների»։

Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը 10 օր առաջ հայտարարեց՝ անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը գնել էր միայն դրանց 30 տոկոսը, իսկ 70 տոկոսի համար գումար չէր վճարվել։ Իսկ անպիտան հրթիռները տեղափոխվել են նախարարության պահեստ՝ մատակարարի խնդրանքով։

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռները ներկրվել են 2011-ին, բայց թե պետությունը երբ է գնել դրանք, տարեթիվը ներկայացված չէ: Ըստ ԱԱԾ-ի, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Փաստաբան Արմեն Հարությունյանը Սեյրան Օհանյանի հայտարարությունը քաղաքական է գնահատում, իսկ հրթիռները, նրա պնդմամբ, կրակվել են։ Հարությունյանը սակայն չասաց, թե երբ և որտեղ են դրանք կիրառվել։

«Հրթիռներն օգտագործվել են, նաև գործերում առկա են համապատասխան տվյալներ։ Ես, ցավոք սրտի, չեմ կարող շատ բաներ հրապարակել, այն, ինչ որ հայտնի է, բայց վստահաբար կարող եմ ասել, որ քրեական գործում առկա են հստակ տվյալներ, որ հրթիռները օգտագործվել են և ամենակարևորը օգտագործման ընթացքում որևէ խնդիր հրթիռների որակի, պիտանելիության հետ չի արձանագրվել», - ընդգծեց պաշտպանը։

Օրեր առաջ վերաքննիչ դատարանը մերժել էր նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի դեմ բողոքը։

XS
SM
MD
LG