Մատչելիության հղումներ

Առաջինը պետությունը պետք է վերանայի իր տեղեկատվական քաղաքականությունը. Դոյդոյանն արձագանքում է վարչապետի օգնականի հայտարարությանը


«Լրատվամիջոցների պատճառով, ինքս ականատես եմ եղել, որ թաքնված երեխաներին գտել են ու սպանել ու տվել են մեզ, անձամբ ինձ», - վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը երեկ կառավարության շենքի առջև հավաքված անհետ կորածների ու գերեվարված զինծառայողների ծնողների մոտ նման աղմկահարույց պնդում արեց՝ հիմնավորելու, թե ինչո՞ւ է լրագրողների հարցերն անպատասխան թողնում։

«Որովհետև լրատվամիջոցներն ուզում էին ցույց տալ, թե ինչքան ինֆորմացիայի են տիրապետում, խնդրում եմ և պահանջում եմ, էդ երեխաների ճակատագիրը, որը ձեզ համար ուղղակի հեռուստատեսային ինչ-որ նորություն է, ինչ-որ ընտանիքի վիշտ է», - նշեց վարչապետի օգնականը։

Իսախանյանն այլ հարցերի չպատասխանեց։ Թե խոսքը մասնավորապես ի՞նչ դեպքի մասին է, այսօր էլ նրանից չհաջողվեց պարզել։ Մեզ չհաջողվեց պարզել ընդհանրապես նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ։

Ադրբեջանական սոցցանցերում անցած տարեվերջին տեսանյութեր էին տարածվում, որտեղ ենթադրաբար երևում են Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմինները։ Դրանից առաջ ադրբեջանական կողմը պնդել էր, թե Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում սպանվել է «ադրբեջանական ստորաբաժանման վրա հարձակված կա՛մ հայկական զինված խումբ, կա՛մ տարածքում հայկական զինված ուժերից մնացած 6 հոգանոց ջոկատ»։

Այս տեղեկությանը նախորդել էր ավելի քան 70 օր անհետ կորած համարվող վեց զինծառայողների գտնվելու մասին լուրը։ Դրա մասին առաջինը պաշտոնական աղբյուրներն էին հայտնել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը էր Ֆեյսբուքում գրել, հաջորդ օրն էլ տեսանյութ հրապարակել. ինքն ու այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ստեփանակերտում բժշկական կենտրոններից մեկում փրկված զինվորներին էին այցելել։ Ավինյանն էլ նույն գրառումն իր էջում էր տարածել։ Լրագրողները միայն պաշտոնյաների գրառումներից հետո ռեպորտաժներ պատրաստեցին ողջ հայտնաբերված զինծառայողների մասին, որտեղ նրանք պատմում էին, որ սկզբում ավելի մեծ խմբով էին եղել, հետո բաժանվել ավելի փոքր խմբերի։

«Իրենք գիտեն, իրենք են իրավիճակը տնօրինում, իրենք պետք է վերլուծեն, հասկանան՝ այսպիսի տեղեկատվությունը, եթե տարածում ենք, ինչ հետևանքներ դրական և բացասական մենք կարող ենք ունենալ, մենք շահո՞ւմ ենք, թե՞ տուժում ենք», - նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Դոյդոյանն ասում է՝ եթե անգամ նման դեպք է տեղի ունեցել, ապա պատասխանատուներին ոչ թե լրագրողների շրջանում պետք է փնտրել, այլ հենց պետական գերատեսչություններում։ Ըստ փորձագետի՝ խնդիրը պաշտոնական միասնական և համակարգված տեղեկատվական քաղաքականության և փորձի լիակատար բացակայությունն է։

«Երբ որ մասնավորապես որոշ պաշտոնյաներ փորձում են իրենց համար PR ապահովել, վայրկյան առաջ տեղեկատվությունը սոցիալական ցանցերով տարածում են, իրենց չի հետաքրքրում, իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ, իրենք միայն շահեն դիվիդենտներ, բայց փաստացի, թե տեղեկատվությունը ով, ինչպես հետո կօգտագործի, մենք դրան էլ հենց առերեսվում ենք, նրանց չի հետաքրքրում։ Արդյունքում էլի ամբողջ մեղքը բարդվում է լրատվամիջոցների վրա, որոնք պարզապես փոխանցել էին հանրությանը այն ամենը, ինչ պաշտոնական աղբյուրները անկազմակերպ, առանց կոորդինացիայի համապատասխան իրականացրել են», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը։

Դոյդոյանը շեշտում է՝ առաջին հերթին պետությունը պետք վերանայի իր տեղեկատվական քաղաքականությունը։ Ըստ նրա՝ նման անհամակարգված պաշտոնական քաղաքականությունը հղի է ամենատարբեր, այդ թվում՝ գերիներին սպառնացող վտանգներով։








XS
SM
MD
LG