Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի հարցին լուծում տալու համար:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Արտակ Դավթյանն իր հերթին կարևորել է այս գործում ԿԽՄԿ դերը։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։
Պատերազմից հետո Ադրբեջանը 109 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։