Մատչելիության հղումներ

Սննդամթերքը սեպտեմբերին թանկացել է շուրջ 16 տոկոսով  


Երևանում կարճ շրջայցն անգամ բավարար է նկատելու, թե մարդիկ որքան մտահոգված են սննդամթերքի շարունակական թանկացումից։ Հայաստանում, որտեղ նվազագույն կենսաթոշակը 25 հազար 500 դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ, մարդկանց եկամտի զգալի մասը հատկացվում է հենց սննդամթերքի ձեռքբերմանը, իսկ թանկացումները հատկապես հարվածում են խոցելի խմբերում դասվողներին։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Հայաստանում սննդամթերքի թանկացումը այս տարվա համար նոր ռեկորդ է սահմանել. հունվարից ի վեր աստիճանաբար և ավելի ու ավելի շատ թանկանալով՝ այս սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սննդամթերքի գները աճել են 15,8 տոկոսով։

Օրինակ` եթե այս հունվարին՝ 2020 թվականի հունվարի համեմատ սննդամթերքը թանկացել էր 6,6 տոկոսով, ապրիլին՝ նախորդ ապրիլի համեմատ 8,5 տոկոսով, ապա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդեն 15,6 տոկոսով:

Այս տարվա ընթացքում ամենաբարձրը, ինչպես ասացինք, սեպտեմբերի թանկացումներն են։ Օրինակ՝ կարտոֆիլի գները աճել են 66,7 տոկոսով, խոզի մսինը՝ 40,2 տոկոսով, շաքարինը՝ 31,7 տոկոսով, ձվինը՝ 27,4 տոկոսով, կարագինը՝ 14,2 տոկոսով, կաթնամթերքինը՝ 10 տոկոսով, հացինը՝ 9,8 տոկոսով և այսպես շարունակ։

Այս ամենի ֆոնին, դարձյալ, Վիճկոմի վերջին տվյալների համաձայն, այս օգտոստոսին՝ նախորդ օգտոստոսի համեմատ միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 7,9 տոկոսով կամ գրեթե երկու անգամ պակաս օգոստոս-սեպտեմբերի թանկացումներից։

Թե այս թանկացումներին ինչպես են արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները, նորություն չէ։

Հայաստանում Կենտրոնական բանկն է գների կայունության ապահովման երաշխավորը։ Կենտրոնական դրամատունը տարիներով` 2017 թվականի փետրվարից նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոսից այն հասցնելով 4,25 տոկոսի, այդ կերպ նպատակ ունենալով մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում, ուստի խթանել տնտեսական աճը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո՝ գնաճի արագացման պայմաններում Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը անցած տարվա դեկտեմբերից արդեն վեց անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ վերջինը այս սեպտեմբերի 14-ին սահմանելով 7,25 տոկոս՝ նպատակ ունենալով զսպել գնաճը։

Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով, ակնհայտ է, որ մի կողմից իշխանությունները ձախողել են գնաճի սրընթաց վերելքը կանխելու գործում, քանի որ միայն Կենտրոնական բանկի գործիքակազմով այլևս անհնար է գնաճի դեմն առնել, մյուս կողմից մարդկանց եկամուտները համարժեք չեն աճում։

«Չի բարձրացվում նվազագույն աշխատավարձը, չի բարձրացվում բազային աշխատավարձը հանրային ծառայողների, սա արդեն վերաբերմունք է, ինքնին վերաբերմունք, իսկ հետևանքները բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ամեն օր զգում է, որովհետև ամեն հաջորդ ամիս գներն ավելի են ահագնանում», - նշեց Ավետիսյանը։

«Ազատությունը» այսօր դիմեց նաև խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանին, սակայն նա՝ թանկացումների մասով հորդորեց դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, որոնք վերաբերում են 2019 թվականին, Հայաստանում աղքատ է ողջ բնակչության 26,4 տոկոսը, որոնք այդ տարի վաստակել են ամսական 44 հազար 48 դրամից կամ 91,7 դոլարից պակաս։

XS
SM
MD
LG