Մատչելիության հղումներ

Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են, փաստում է Վիճկոմը 


Երևանյան սուպերմարկետ, արխիվ
Երևանյան սուպերմարկետ, արխիվ

Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են, փաստում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցը՝ համեմատելով այս հունվարի գները նախորդ տարվա հունվարի գների հետ։

«Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար» զեկույցի համաձայն` նախորդ ամիս՝ 2020թ. հունվարի համեմատ, օրինակ, արևածաղկի բուսական յուղի միջին գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.7 տոկոս գնաճ:

Մրգի ապրանքախմբում այս հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է գների բարձրացում 12 տոկոսով, իսկ բանջարեղենի ապրանքախմբում՝ 9.9 տոկոսով: Ըստ զեկույցի` նույն ժամանակահատվածում մրգի ու բանջարեղենի առանձին տեսակների սպառողական գներն էլ ավելի շատ են բարձրացել, օրինակ՝ սխտորի գինը աճել է՝ 95.4 տոկոսով, սմբուկինը՝ 66.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 53.5 տոկոսով։

Նկատելիորեն աճել են հացի և ալյուրի գները. 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, համապատասխանաբար` 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, սննդամթերք, խմիչք և ծխախոտ հատվածում այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ գները աճել են 6.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.5 տոկոսով։

Երևանի փողոցներում մարդիկ, բնականաբար, դժգոհ էին. «Զգում ենք (թանկացումները-խմբ.), բոլորն էլ զգում են, բոլորն էտ են ասում գրեթե ամեն օր»:

«Ժողովրդի ֆինանսական վիճակին համահունչ պետք է պետական կառույցները, ինձ թվում է, աշխատանք կատարեն, այլ բան այս պահի դրությամբ, իմ կարծիքով, մենք` քաղաքացին չի կարող համենայն դեպս ինչ-որ բան անել», - ասում է քաղաքացիներից մեկը:

«Այո, իհարկե, թանկացումներ կան, դե ի՞նչ մտածենք, պատերազմից հետո է այդ ամենը, իհարկե շատ վատ ա, ու մտածում ենք, որ կառավարությունը ինչ-որ քայլեր կանի, բայց դե այդքան էլ հույս չունենք, ուղղակի մտածում ենք», - ասում է մեկ այլ քաղաքացի:

Երրորդն էլ թանկացում չի նկատել:

Ի դեպ, արտարժույթի շուկայում նույնպես գրանցվել են նշանակալի փոփոխություններ. 2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 521.2 դրամ էր, ինչը, ըստ Վիճկոմի, 8.8 տոկոսով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից՝ այն ժամանակ մեկ դոլարի գինը 479.2 դրամ էր։

Սննդամթերքի նման թանկացման պատճառը արդյոք հակամրցակցային պայմանավորվածությո՞ւնն է, այսօր դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Արձագանքեցին` օրինակ, ինչ վերաբերում է արևածաղկի ձեթի թանկացմանը, ապա ուսումնասիրություն իրականացնելով 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 11-ը՝ հանձնաժողովը պարզել է, որ Հայաստան արևածաղկի ձեթ ներմուծվել է առավելապես Ռուսաստանից՝ շուրջ 96 տոկոս, Ռուսաստանից ներմուծվող արևածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացել են 6-16 տոկոսով՝ կախված ներմուծման խմբաքանակից, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանից արևածաղկի ձեթի ձեռքբերման դիմաց վճարումներն իրականացնում են դոլարով և ռուբլով, մինչդեռ վերջին ժամանակահատվածում տեղի է ունեցել դրամի արժեզրկում վերոնշյալ արժույթների նկատմամբ շուրջ 4 տոկոսով։

Հանձնաժողովից հավելեցին. «ՏՄՊՊՀ-ն իրականացնում է շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ) խոշոր առևտրային ցանցերում: Վերոնշյալ ապրանքների թվին են դասվում շաքարավազը, ալյուրը, ձեթը, կարագը, որոնց դիտանցումների արդյունքները պարբերաբար ամփոփվում և հրապարակվում են: Առաջիկայում ևս հանրությանը կտրամադրվի տեղեկատվություն»:

Այն, որ իշխանությունները ևս մտահոգված են գների բարձրացմամբ, ակնհայտ է Կենտրոնական բանկի գործողություններից, որն, ինչպես հայտնի է, գների կայունության ապահովման երաշխավորն է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե չորս տարի՝ 2017թ. փետրվարից աստիճանաբար իջեցնելուց հետո (երբ 6 տոկոսից այն հասավ 4.25 տոկոսի), անցած տարվա դեկտեմբերին Կենտրոնական բանկը կտրուկ՝ մեկ տոկոսային կետով այն բարձրացրեց՝ հասցնելով 5.25 տոկոսի, ևս 0.25 տոկոսային կետով տոկոսադրույքը բարձրացրեց այս երեքշաբթի՝ սահմանելով 5.5 տոկոս։

Կենտրոնական դրամատունը տարիներով նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում, ուստի խթանել տնտեսական աճը։ Այժմ՝ գնաճի նման պայմաններում, Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը թանկացնում է դրամը՝ զսպելու գների աճը։

XS
SM
MD
LG