Մատչելիության հղումներ

Վանո Սիրադեղյանը կրկին առաջադրել է իր թեկնածությունը





Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքում մայիսի 19-ին նշանակված Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններում առաջադրվել է նաեւ Վանո Սիրադեղյանի թեկնածությունը: Դեռեւս պարզ չէ, սակայն, թե մարզային ընտրական հանձնաժողովը կգրանցի՞ Սիրադեղյանին որպես թեկնածու, թե՞ ոչ:

Մարտի 18-ին ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչությունը որոշել էր թիվ 75 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրել ՀՀՇ վարչության նախկին նախագահ, անցած աշնանը պատգամավորական մանդատից զրկված Վանո Սիրադեղյանին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով:

Թիվ 75 մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սվետլանա Բեգլարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հեռախոսով հայտնեց, որ առաջադրված 4 թեկնածուներից մեկը Սիրադեղյանն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների մեկնությամբ, գործող օրենսդրությունը Սիրադեղյանին թեկնածու առաջադրվելու իրավունք տալիս է, քանի որ նրա նկատմամբ չկա դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

1999 թվականին նույն Վանո Սիրադեղյանը առաջադրվեց ու ընտրվեց նույն թիվ 75 ընտրատարածքից, թեեւ այն ժամանակ էլ անցնում էր քրեական գործով, սակայն հետախուզման մեջ չէր, ինչպես հիմա:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը, թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 4-ը, որից հետո թեկնածուները պետք է գրանցվեն 10-օրյա ժամկետում:

Սիրադեղյանին որպես թեկնածու գրանցելու համար անհրաժեշտ տեղեկանքները (վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու եւ նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի լինելու մասին) ներքին գործերի նախարարության վիզաների եւ անձնագրային վարչությունը երկար ժամանակ խուսափում էր տրամադրել: Վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը տրամադրվել է երեկ՝ հետեւյալ լրացմամբ, սակայն. «Սիրադեղյանի բնակության վայրը վերջին երկու տարիներին հայտնի չէ»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀՇ վարչությանը մոտ կանգնած աղբյուրների, մարզային ընտրական հանձնաժողովը նման լրացմամբ փաստաթուղթը չի ընդունի եւ Սիրադեղյանին որպես պատգամավորության թեկնածու չի գրանցի:

Մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղարն էլ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց. - «Տեղեկանքում պարտադիր պետք է ամրագրված լինի, որ թեկնածուն վերջին հինգ տարում բնակվել է Հայաստանում»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG