«Նիկոլ Փաշինյանը պատերազմի հետևանքների պատասխանատու կարգելու փնտրտուքների մեջ է», - անդրադառնալով մոտ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ անելու գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքին՝ հայտարարեց ԱԺ-ի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատերազմի ընթացքում Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար լինելը վարչապետ Փաշինյանի համար, ըստ Աբրահամյանի, լավ հնարավորություն է պատերազմի մի ահռելի պատասխանատվություն նրա գլխին կոտրելու համար։
«Կարծում եմ, որ չէր կարող գործարք տեղի ունենար և հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ոլորտն իր անմիջական հսկողության ներքո է, դա ենթադրում է, որ և՛ քաղաքական մասով, և՛ դրա հաշվարկային մասով, և՛ գործընթացի բոլոր դետալների մասով տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, աբսուրդային կստացվի, եթե պարզվի, որ նա առնչություն չունի այդ հնարավոր չարաշահումներին, եթե, իհարկե, դա հետագայում դատարանում ապացուցվի», - ընդգծեց Աբրահամյանը։
Վարչապետի մամուլի խոսնակը չպատասխանեց հեռախոսազանգերին։ Տոնոյանի ու մյուսների գործը քննող ԱԱԾ-ից չպատասխանեցին «Ազատության» հարցերին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյան այս գործով հրավիրվե՞լ կամ հրավիրվելո՞ւ է ԱԱԾ, եթե այո՝ ի՞նչ կարգավիճակով։ Հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել, ինչն էլ արել ենք։ Այս պահին պատասխան չենք ստացել։
Իշխանական պատգամավորները հիմնականում չեն շտապում Տոնոյանին վերաբերող ԱԱԾ բացահայտումներին գնահատականներ տալ
Նիկոլ Փաշինյանի կուսակից, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ եթե վարչապետը հրավիրվեր ԱԱԾ կամ գործում որևէ ձևով ներգրավված լիներ, ամբողջ հանրությունը կիմանար դրա մասին։ Իսկ Տիգրան Աբրահամյանի գնահատականները, թե վարչապետը պատասխանատուներ կարգելու փնտրտուքի մեջ է, համարեց անհիմն։
«Ցանկացած հանցանք պետք է իր արժանի պատիժը ստանա, անկախ նրանից՝ ով է այդ հանցանք իրականացնողը, մենք ոչ մեկ անգամ ենք նշել՝ եթե հանցանք իրականացնողն անգամ լինի մեր քաղաքական թիմից, ապա այդ դեպքում պատիժն ավելի խիստ պետք է լինի։ Այսինքն՝ ոչ միայն իրավական պատիժ, այլ կենթադրի և՛ քաղաքական, և՛ հանրային պարսավանք։ Ամեն դեպքում մենք չենք շեղվելու այս օրակարգից, մենք որևէ խնդիր չունենք որևէ մեկին սարքել քավության նոխազ», - ասաց Հովհաննիսյանը։
Իշխանական պատգամավորները հիմնականում չեն շտապում գնահատականներ տալ պաշտպանության նախկին նախարարին ներկայացված ԱԱԾ մեղադրանքին, չնայած նախկինում հիմնականում ակտիվորեն մեկնաբանում էին նախկին իշխանություններին առնչվող աղմկահարույց քրեական գործերը։
Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ հարգում է անմեղության կանխավարկածը, բայց և հայտարարեց՝ հետ չեն կանգնելու պատերազմի բոլոր դրվագները բացահայտելու խոստումից, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Տոնոյանը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար, իսկ դրան անդրադառնալով իշխանական պատգամավորը խոսում է պատերազմի մեղավորներից. «Ես որևէ մեկին չեմ կարգի մեղավոր, քանի դեռ հստակ իրավական գնահատական չի տրվել, բայց որպես քաղաքական գնահատական միանշանակ է ինձ համար, որ մեղավոր են բոլոր այն մարդիկ, ովքեր պաշտպանության ոլորտում որևէ մի կոռուպցիոն սխեմայում են ներգրավված եղել։ Այսինքն այդ կոռուպցիոն հետևանքներով է, որ մենք ունեցել ենք նմանատիպ ելք նաև։ Ցանկացած չկրակող արկ մարդկային կայնքեր է արժեցել»։
Վիլեն Գաբրիելյանը հայտարարում է՝ լավ ճանաչում է, իր ընկեր Դավիթ Տոնոյանը անմեղ է
Իշխանական խմբակցությունում նաև Դավիթ Տոնոյանի անմեղությունը պնդողներ էլ կան, երեկ կալանքի միջնորդության քննության ընթացքում ի պաշտպանություն Տոնոյանի դատարան էին եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Վերջինս ինչպես երեկ, այսօր էլ հայտարարեց՝ լավ ճանաչում է, իր ընկեր Դավիթ Տոնոյանը անմեղ է։ Նրան կալանավորելու որոշումը բացասական որակեց, բայց, միևնույն ժամանակ, անօրինական չհամարեց նրան առաջադրված ԱԱԾ մեղադրանքը։
«Եթե ապացուցվի պարոն Տոնոյանի մեղքը, նշանակում է՝ ես կլինեմ առաջին մեղադրողներից մեկը և ներողություն կխնդրեմ, որ ես իմ համոզմունքներում սխալվել եմ», - ասաց Գաբրիելյանը։
«Ազատության» հարցին՝ Տոնոյանին քավության նոխազ դարձնելու ոչ մի խնդիր չի՞ տեսնում, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Ոչ»։
Արթուր Հովհաննիսյանը Տոնոյանին այս պահին իրենց թիմակիցը չի համարում՝ ի տարբերություն Վիլեն Գաբրիելյանի։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի կաբինետի եզակի անդամներից էր, որ 2018-ից հետո պաշտոն ստացավ հեղափոխական կառավարությունում։ Որոշումը պատճառաբանելիս Փաշինյանի թիմակիցները հատկապես շեշտում էին՝ «չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս»: