Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կկալանավորի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:
Նշենք նաև, որ դատարանը շարունակում է քննել Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդությունը: