Մատչելիության հղումներ

Թեհրանը շարունակում է կոշտ մեղադրանքներ ուղղել Ադրբեջանի իշխանություններին


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, Թեհրան, սեպտեմբեր, 2021թ․
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, Թեհրան, սեպտեմբեր, 2021թ․

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թեհրան կատարած այցի ֆոնին, Իրանի իշխանությունները շարունակում են հստակ ազդակներ ուղղել Ադրբեջանին՝ կոչ անելով զերծ պահել երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից։ Այս մասին նախօրեին, ռազմական ուսումնարանների շրջանավարտներին դիմելով, հայտարարեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ճիշտ է, գերադասելով ուղղակիորեն չհիշատակել Ադրբեջանը։

«Վերջերս մեր հյուսիս-արևմտյան սահմաններին ծագած խնդիրը պետք է հանգուցալուծվի առանց երրորդ երկրների միջամտության և առանց այդ երկրների ռազմական ներկայության», - հայտարարում էր Խամենեին՝ հատուկ ընդգծելով, որ տարածաշրջանի ազգերն ու ժողովուրդները իրենք կարող են կառավարել այս տարածքը։ «Մենք թույլ չենք տա, որ օտար ուժերը միջամտեն այստեղ ընթացող պրոցեսներին: Ով կարծում է, թե կարող է սեփական անվտանգությունն ապահովել ուրիշների վրա հույս դնելով, ապտակի կարժանանա: Եղբոր համար փոս փորողն առաջինը կընկնի այդ փոսը», - ասում էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։

Խամենեիի այս հայտարարություններից մի քանի ժամ անց Իրանի պետական հեռուստատեսության եթերով հեռարձակվեց երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի ծավալուն հարցազրույցը, որի զգալի մասը՝ շուրջ 15 րոպե, նա նվիրեց Ադրբեջանի հետ հարաբերություններում ծագած խնդիրներին։

«Իրանը թե՛ ամենաբարձր մակարդակում, թե՛ մի շարք այլ մակարդակներում իր աջակցությունը հայտնեց Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմանը։ Ամեն դեպքում, ազատագրմանն ուղղված այդ գործողությունների ժամանակ մի շարք ցավալի իրադարձություններ տեղի ունեցան։ Դրանցից էր, օրինակ, ահաբեկչական շարժումների ներկայացուցիչների մի մասի վերատեղակայումը մեզ համար խիստ կարևոր նշանակություն ունեցող այդ տարածաշրջանում։ Բացի այդ, Իսրայելը փորձեց օգտվել ստեղծված հնարավորություններից և ահաբեկիչների՝ Իրանի սահմանին հասնելու անհաջող փորձերին զուգահեռ, սիոնիստները ևս ներկա են Ադրբեջանական Հանրապետության մի շարք հատվածներում», - հայտարարում էր Իրանի արտգործնախարարը։

Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ չի հանդուրժի իսրայելցիների ներկայությունն իր սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս հարցազրույցում Իրանի արտգործնախարարը մանրամասնորեն խոսեց նաև Ադրբեջանի կողմից Հայաստան բեռներ տեղափոխող իրանցի վարորդների խնդրի մասին՝ միաժամանակ գրեթե բաց տեքստով զգուշացնելով պաշտոնական Բաքվին, որ այն չընկնի երրորդ երկրների ազդեցության տակ։

«Միմյանց հետ ինչ-ինչ կապ ունեցող սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունը [Ադրբեջանում] մեզ լրջորեն անհանսգտացնում է։ Այդ ուժերի ներկայությունը կարող է մոտ ապագայում խնդիրներ ստեղծել Ադրբեջանի կառավարության համար», - հայտարարում էր նախարար Աբդոլահիանը։

Բաքվից, մինչդեռ, հերքում են Թեհրանից հնչող մեղադրանքները: «Նման պնդումները բացարձակապես անհիմն են», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ «Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում բարեկամական Իրանը այդպես էլ նույնքան վճռականորեն չդատապարտեց մեր սահմանների օկուպացիան», - ասել է Աբդուլաևան։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով Թեհրանից հնչող հայտարարությունները, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ - «Իրանցի այաթոլանների պատկերացումները օտարերկրյա ռազմական ներկայության մասին շատ յուրահատուկ են։ Արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն օտար չեն։ Կամ հայկական ուժերը, որ 25 տարուց ավելի օկուպացնում էին ադրբեջանական տարածքները, օտարերկրյա՞ էին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, մոլլապետության արտահայտած կարծիքներում տրամաբանություն որոնելն անիմաստ զբաղմունք է»։

«Իրանը մտահոգված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից հսկվող և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի համարվող Հայաստանի անվտանգությամբ», - իր հերթին, գրել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ ստեղծված իրավիճակը բնութագրելով որպես «քաղաքական սյուրռեալիզմ»։

Բաքվից հնչող քննադատության ֆոնին Իրանի զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի սահմանների երկայնքով շարունակվում են։ Իրանական պետական լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ դրանք ընթանում են Նախիջևանի ինքնավար հանրապետության անմիջական հարևանությամբ։ Տասնյակ միավոր զրահատեխնիկա և հրետանի, կրակող ուղղաթիռներ և մինչև ատամները զինված դեսանտայիններ պատկերող կադրերում հստակորեն երևում են Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, ինչպես նաև Նախիջևան քաղաքից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իլանդաղ (հայերեն՝ Օձասար) լեռը։

XS
SM
MD
LG