Յոթ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի տարածքով Բաքվից Նախիջևան այսօր իրականացված չվերթը հաստատում է նաև Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն։
Առավոտյան ադրբեջանական կողմի տարածած լուրից ժամեր անց միայն կառույցից պարզաբանեցին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար, բացառություն է եղել 44-օրյա պատերազմի ընթացքը։
«Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից», - ասված է Քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Կոմիտեից միևնույն ժամանակ հայտնում են, որ «Զվարթնոց» օդանակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ ու հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։
Գերատեսչությունը պարզաբանում է, թե Հայաստանի երկնքով տարանցիկ չվերթներ իրականացնելու համար Հայաստանի ավիացիոն իշխանությունների թույլտվությունը պետք չէ. - «ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»:
Քաղավիացիայի կոմիտեից, սակայն, չեն մանրամասնել, թե Ադրբեջանի օդային տարածքով Հայաստանից որ երկրներ են թռիքչներ իրականացում։
Թեմային անդրադառնալիս այսօր «Ազատության» եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշ տեղեկություններ փոխանցեց. - «Մինչև 2013 թվականը Ադրբեջանը օգտագործել է... Սա առաջին անգամ չէ, որովհետև հրապարակային փորձում է օգտագործվել, թե սա առաջին անգամ է։ Հաջորդը ուզում եմ ասել, որ Երևանը ևս ամբողջ այս ընթացքում Երևանից, «Զվարթնոցից» թռիչքները, օրինակ, դեպի Աստանա, կամ դեպի արևելյան Ռուսաստան օգտագործել ա Ադրբեջանի տարածքը»։
Այսօր առավոտյան «Ադրբեջանական ավիաուղիներ»-ն էր հայտարարել, որ սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար: Ընկերությունից հայտարարել են, որ այդ քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին։
Ադրբեջանական կողմն այս հայտարարությունն անում է նախօրեին ստացված այն տեղեկությունների ֆոնին, թե Իրանը փակել է իր օդային տարածքն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Ադրբեջանական մամուլն այդ մասին հայտնում է՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին:
Հայաստանի հարևան երկու երկրների հարաբերությունները լարվել են սեպտեմբերի սկզբից, երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին Հայաստան մտնող ու իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհով անցնող իրանցի վարորդներից տուրքեր վերցնել։ Նույն այդ ընթացքում նաև իրանցի երկու վարորդի են ձերբակալել ադրբեջանցի իրավապահները։
Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվից Նախիջևան Հայաստանի տարածքով թռիչքների վերսկսումը քաղաքական պայմանավորվածության արդյունք է, թե ոչ։ Այս հարցի պատասխանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից էինք ցանկանում լսել, սակայն գրասենյակից ամբողջ օրը չարձագանքեցին մեր զանգերին։
Փոխվարչապետ Գրիգորյանը ներգրավված է տարածաշրջանի հաղորդակցությունների ուղիների վերագործարկման եռակողմ աշխատանքային խմբում՝ ադրբեջանցի ու ռուսաստանցի գործընկերների հետ միասին։
Բաքու-Նախիջևան-Բաքու՝ Հայաստանի երկնքով չվերթ սկսելու ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է՝ առանց մանրամասնելու, թե խոսքը արդյոք հենց օդային տարածքի օգտագործմանն է վերաբերում։