Կառավարությունն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը։ Այն դեռ քննարկվելու է Ազգային ժողով։
Նախքան ընդունումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ իր ուղերձը հրապարակեց՝ շեշտելով՝ Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևաննքերը և մարտահրավերները։
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ազգային ժողովի ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։
Վարչապետը 2022-ի բյուջեում և կառավարության գործունեության ծրագրում ներկայացված նպատակադրումները հավակնոտ և իրատեսական որակեց՝ շեշտելով՝ գիտակցում են՝ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ։
Վարչապետը նախ կարևորեց պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը, ապա նաև անվտանգության ապահովումը։
«Կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։
Այս համատեքստում կարևորում ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսակն աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, բարձրացնել երկրի գրավչությունը օտարերկրյա ներդրումների համար», - մասնավորապես ասաց գործադիրի ղեկավարը։