Մատչելիության հղումներ

Կառավարության հնգամյա ծրագրի՝ անվտանգության դրույթներում հստակություն չկա, ասում է քաղաքագետը


Կառավարության երեկ ընդունած հնգամյա ծրագրի՝ անվտանգությանը վերաբերող դրույթներում հստակություն չկա, այս կարծիքին է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանի հնչեցրած հնգամյա ծրագիրն ավելի շատ ընդհանրական է․ - «Որքանով ես եմ հասցրել ծանոթանալ, այնտեղ չկան կոնկրետ ուղենիշներ, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունն Արցախի հետ, այսինքն՝ թե տարածքային մասով, և ընդհանրապես, երբ ասում ենք Արցախ, ի՞նչ ենք հասկանում, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի՞նչ է հասկանում Արցախ ասելով․ հասկանում է Արցախի Հանրապետություն՝ չճանաչված անկախ պետությունից՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ի տարածքներով, թե՞՝ ներկայիս տարածքներով, ամեն դեպքում նորից որպես անկախ չճանաչված պետություն»։

Նորընտիր կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագիրը հաջորդ շաբաթ ներկայացվելու է խորհրդարանում։ Փաստաթուղթը 6 բաժիններից է բաղկացած և ներառում է զինված ուժերի բարեփոխման, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի, ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի, ՀԱՊԿ-ի, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային դերի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին դրույթներ։

Ըստ կառավարության ծրագրի՝ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը Հայաստանի երկարատև ռազմավարությունն է և սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:

«Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք: Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին» - ասված է կառավարության ծրագրում։

Այս կետերում կոնկրետությունն է բացակայում, պարզ չէ, թե ինչպես է Փաշինյանի կառավարությունը հասնելու այս նպատակներին, շեշտում է քաղաքագետն ու հարցնում՝ ի՞նչ է մտադիր անել Հայաստանը, երբ, օրինակ, ռուսական ուժերն Արցախից դուրս գան։

«Մենք պատրաստվո՞ւմ ենք պաշտպանել, ապահովել Արցախի անվտանգությունը, ինչպե՞ս ենք դա անելու, ի՞նչ միջոցներով։ Եթե ընդհանուր գնահատական տանք, իմ գնահատմամբ, կային խոսքեր, սակայն բացակայում էր որոշակի կոնկրետությունը», - ասաց Պողոսյանը։

Քաղաքագետի համոզմամբ, ծանր 2020-ից հետո այժմ պետք է հասկանալ՝ կառավարությունն ինչ տեսլական ունի․ - «Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունն ինչ պատկերացումներ ունի ստեղծված նոր իրավիճակի հետ կապված․ հաշտվե՞լ է ստեղծված իրավիճակի հետ կապված, հաշտվե՞լ է Արցախի անորոշ ապագայի և, ամենայն հավանականությամբ, Արցախից բնակչության շարունակվող՝ դանդաղ տեմպերով, բայց շարունակվող արտագաղթի հետ, ի՞նչ է մտադիր իրականացնել դա կանխելու համար, ինչպե՞ս են մտադիր համոզել արցախցիներին, որ էնտեղ մնան, ի՞նչ են խոստանալու, ի՞նչ կոնկրետություն, այսինքն՝ կոնկրետ հարցեր են, որոնք լուծում են պահանջում»։

XS
SM
MD
LG