Տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, այսօր Ազգային ժողովում, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին։
«Սա լրջագույն հնարավորություն է՝ ճեղքելու Հայաստանի Հանրապետության շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը։ Սա պարզ գործընթաց չէ և սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարություններով», - ասաց Փաշինյանը կրկին շեշտելով՝ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտարարությունների մեջ, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին։
«Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը պիտի Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանա՝ Ռուսաստանի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի ճանապարհ ստանա՝ իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», - ասաց վարչապետը։
Փաշինյանը չհերքեց՝ կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի շահերի համար։
«Դրա համար կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար, ընդ որում փոխադարձության սկզբունքով՝ ոչ ավել, ոչ՝ պակաս։ Սա մեր անվտանգության ռազմավարական մարտահրավերն է»։
Գործադիրի ղեկավարը նշեց՝ տարածարշջանի կայունությունը և խաղաղությունը իրենց երկարատև ռազմավարությունն է, իսկ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը և կարգավորումը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություներից է լինելու։
«Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար, թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք», - մասնավորապես ասաց Փաշինյանը։