ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել և քննարկել են Ղարաբաղի հարցը Սպիտակ տան ու ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հետ:
Համանախագահներ Իգոր Խովաևը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին և Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին օգնականի տեղակալ Դերեք Հոգանը երկուշաբթի օրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ համանախագահները շեշտել են, որ «միայն համապարփակ կարգավորումը, որը կընդգրկի բոլոր չլուծված խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ ապրել միասին»:
Հոգանն ու Սլոութը «ողջունել են համանախագահների ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի վճռականությունը՝ կրկին երկխոսության միջոցով ներգրավվել խաղաղ գործընթացում՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը»:
Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները խոստանում է շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով «օգնել Ադրբեջանին և Հայաստանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները՝ ներառյալ ձերբակալվածների, անհետ կորածների հարցերը և մարդասիրական ականազերծման ջանքերը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անցած շաբաթավերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց մասնակցությամբ կայացավ նաև նախարարների հանդիպումը։ Իրենց հայտարարությունում միջնորդները ողջունեցին արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով որպես «տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան»: