Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Սոչիում, կարող է անսպասելի ավարտվել, գրում է թուրքական Milliyet թերթը։
Հրատարակությունը հիշեցրել է Էրդողանի ավելի վաղ արած հայտարարությունը, թե կողմերը կարող են կարևոր որոշում կայացնել ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
Բանակցությունների առարկա կարող է լինել, ըստ Milliyet-ի, ռուսական սպառազինության շուրջ նոր գործարքը։ Հիշելով, թե ինչպես է Էրդողանը Մոսկվա այցի ընթացքում Պուտինի հետ միասին ուսումնասիրել Су-57 ռազմական օդանավը, կարելի է ենթադրել, որ կայացվելիք որոշումները կարող են կապված լինել դրա հետ, գրում է թերթը։
Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն նաև Իդլիբում տիրող խիստ լարված իրավիճակը, և սա է լինելու հիմնական հարցը այդ բանակցություններում։ Սա կարևոր թեմա է առաջիկա բանակցություններում, քանի որ պաշտոնական Մոսկվան և Անկարան այստեղ լուրջ տարաձայնություններ ունեն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը նախագահները կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում։
Պեսկովն ընդգծել էր, թե այո, կան տարաձայնություններ Սիրիայում՝ Իդլիբում օրինակ, բայց Էրդողանը և Պուտինը, նրա համոզմամբ, կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։
Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ, և երկկողմ հարուստ տնտեսական համագործակցությունը, ըստ Կրեմլի խոսնակի, նույնպես լինելու է բանակցությունների օրակարգում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր նաև, թե պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը ևս քննարկել Ռուսաստանի նախագահի հետ։
Ի դեպ, Պուտինն արդեն շուրջ 10 օր է, ինչ ինքնամեկուսացման ռեժիմում է։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը գրեթե բոլոր բանակցություններն անցկացնում է տեսակապի միջոցով։ Սակայն Էրդողանի հետ հանդիպումը լինելու է անձնական։