Մատչելիության հղումներ

Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը. Թուրքիայի նախագահ


Երեկ Էրդողանը նորից հայտարարել է, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Այս անգամ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից. - «Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի միացումը մենք չենք ճանաչում: Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու համար»։

Էրդողանի հայտարարությունը ողջունել է Ուկրաինայի նախագահը։ Մոսկվայում այն իհարկե դժգոհությամբ են ընդունել, թեև պաշտոնական արձագանքը դեռևս զուսպ է։

Կրեմլում ափսոսանք են հայտնում Սոչիում կայանալիք գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահի Ղրիմի «անեքսիայի» մասին նոր հայտարարության կապակցությամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը՝ հավելելով, թե այդուամենայնիվ Կրեմլում նախընտրում են կենտրոնանալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային մարտահրավերների լուծման գործում փոխգործակցության վրա։

Ինչ վերաբերում է այդ դիրքորոշմանը, ապա այն Կրեմլին լավ հայտնի է, և Կրեմլը այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չեն, թեև կշարունակի աշխատել թուրքական կողմի հետ։ Դմիտրի Պեսկովը նորից կրկնել է Կրեմլի հատնի թեզը՝ Թուրքիայի հետ համաձայն չենք, բայց կշարունակենք աշխատել Էրդողանի հետ։

«Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի հերթական հայտարարությունը թելադրված է միջնադարյան ժամանակների կարոտախտով, այսօր նման հայտարարությունը Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ փորձ է», - հայտարարել է Դաշնային խորհրդում Սևաստոպոլը ներկայացնող ռուսաստանցի սենատոր Եկատերինա Ալտաբաևան՝ հավելելով, թե Ռուսաստանի տարածքային աբողջականության դեմ փորձը «վատ պատմություն է»։

Վերլուծաբանները սպասում են, որ առաջիկայում կլինի ավելի կոշտ արձագանք Մոսկվայից։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետները, մասնավորապես, ասում են, թե հնարավոր է նորից արգելվեն Ռուսաստանից դեպի Թուրքիա թռիչքները։

Վերջին մի քանի օրվա ընթացքում սա պաշտոնական Անկարայի՝ Ղրիմի մասին արդեն երկրորդ հայտարարությունն է։ Նախօրեին նման հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը. - «Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, Թուրքիայի համար որևէ իրավական ուժ չունեն»։

Անկարան նաև հերթական անգամ շեշտել էր, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը։

Երեկ սրան արձագանքել էին և' Կրեմլից, և' Ռուսաստանի արտգործնախարարությունից։ Ընդ որում, եթե Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ասել էր, թե Ղրիմի շուրջ տարաձայնությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործընկերային հարաբերությունների համար, ապա Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ավելի կոշտ հայտարարություն է արել՝ շեշտելով, թե Մոսկվան կանի համապատասխան եզրակացություններ, որոնք, Մարիա Զախարովայի խոսքով, «ակնհայտորեն օգուտ չեն տալիս երկկողմ հարաբերություններին»։

Նման սրացումներ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պարբերաբար տեղի են ունենում վերջին տարիներին, սակայն Կրեմլը շարունակում է հայտարարել, թե Էրդողանը այն քաղաքական գործիչներից է, ում կարելի է վստահել և բաց քննարկել ցանկացած խնդիր։

XS
SM
MD
LG