Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարում է, թե Փաշինյանից դրական ուղերձներ է ստանում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետից դրական ուղերձներ է ստանում։

«Մենք ունենք համագործակցության տարբերակ, որն անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դրական ուղերձների հետ մեկտեղ՝ մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում այս հարցում», - ասել է Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին օդանավում՝ Միացյալ Նահանգներից Թուրքիա վերադառնալու ճանապարհին տված հարցազրույցում։

Էրդողանը հավելել է, որ այս հարցը քննարկելու է Ռուսաստանի նախագահի հետ այս ամիս Սոչիում կայանալիք բանակցություններին։

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը։ Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան», - նշել է Թուրքիայի նախագահը։

Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Հայաստանի վարչապետը հանդիպում է խնդրել։ Թուրքիայի նախագահը նաև ասել էր, թե Հայաստանի վարչապետի հետ հանդիպել կամ չհանդիպելը կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Երեկ «Զանգեզուրի միջանցքին» անդրադարձել է ռուսական “Росбалт”-ը՝ «Ինչի՞ մասին են շշուկով խոսում Բաքուն, Երևանը, Մոսկվան և Անկարան» վերնագրված ծավալուն հոդվածում։

Հեղինակը նախ ակնարկում է, որ կան պայմանավորվածություններ, որոնց մասին կողմերը չեն բարձրաձայնում, և հավելում է, թե «զարմանալի չի լինի, եթե մի գեղեցիկ առավոտ նրանք հայտարարեն Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքների մասին, հետո էլ՝ Փաշինյանի ու Էրդողանի ջերմ հանդիպման մասին»։

Թուրքիայի նախագահը որոշ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահի հետ սպասվող հանդիպումից։ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ «տետ ա տետ» ձևաչափով է շփվելու՝ առանց պատվիրակությունների։

Վերլուծաբանները, մինչդեռ, այս օրերին գրում են, որ բանակցությունները հեշտ չեն լինելու՝ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի պատճառով, և հենց Իդլիբն է լինելու բանակցությունների առանցքային հարցը։

Էրդողանը, սակայն, հայտարարել է, որ Սոչիում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման առումով կարևոր որոշում կկայացվի։ Թե ինչ որոշման մասին է խոսքը և արդյոք այն վերաբերում է Սիրիային, նա չի մանրամասնել, փոխարենը հայտարարել է․ - «Թուրքիան և Ռուսաստանը երկու երկրներ են, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում։ Ես ևս մեկ բան պետք է ասեմ՝ մենք դեռ ոչ մի վատ բան չենք տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններում»։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG