Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո պետք է զրուցենք թուրքերի հետ. Անդրանիկ Քոչարյան 


44-օրյա պատերազմից հետո պետք է զրուցենք թուրքերի հետ, և այդ զրույցները պետք է դառնան այն հարթակը, ուր պետք է գտնենք տասնամյակներով կուտակված խնդիրների բանալին՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Կառավարության նախորդ նիստին՝ սեպտեմբերի 7-ին, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հայկական կողմը Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։

«Ազատություն». - Նախորդ օրորին Հայաստանի վարչապետը, Թուրքիայի նախագահը մի քանի այսպիսի հայտարարություններ են արել, որ հնարավորություն կա վերականգնել հարաբերությունները, վերսկսել հարաբերությունները, որքանո՞վ է սա իրատեսական:

Անդրանիկ Քոչարյան. - Դա անհրաժեշտ իրատեսական դաշտում պետք է տեսնել, որովհետև պատերազմից հետո վերջին հաշվով մենք պետք է գիտակցենք, պետք է նաև հակամարտող կողմի հետ ունենանք հարաբերություններ՝ առայժմ զրույցների տեսքով: Այդ զրույցները պետք է դառնան այն հարթակը, որից հետո մենք պետք է գտնենք այն ձևաչափը, որտեղ տասնյակ տարիներով, հարյուրամյակներով կուտակված խնդիրների լուծման բանալին գտնենք: Այդտեղ կան խնդիրներ, որտեղ Թուրքիայի նախագահը տեսակետ էր հայտնել և մեր հանրապետության վարչապետը նետած ձեռքին պատասխանեց, որ կարելի է խոսել այս հարցերի շուրջ: Խոսելը խիստ ցանկալի է, որովհետև առանց խոսելու ոչինչ չի մնում՝ կա՛մ թշնամանքը խորացնել, կա՛մ կրակել, խոսելով մենք կարող ենք մոտենալ այն խնդիրների լուծմանը, որտեղ կարող ենք նաև հրադադարի ռեժիմը պահպանելու տիրույթում իրականացնել այն հեռահար ծրագրերը, որոնք միտված են խաղաղության:

«Ազատություն». - Դուք համարվում եք անվտանգության ոլորտում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ես ուզում եմ հասկանալ, երբ հնչում են նման հայտարարություններ Հայաստանի վարչապետի կողմից, Թուրքիայի նախագահի կողմից, նման կարճ ժամանակում նման կարգի հայտարարություններ, այս պարագայում արդյոք նշանակո՞ւմ է, որ արդեն իսկ ինչ-որ գործընթաց կա, ինչ-որ բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, քննարկումներ:

Անդրանիկ Քոչարյան. - Ես չգիտեմ ուղղակի բանակցություններ տեսանելի կան, թե չկան, բայց պատերազմից շատ կարճ ժամանակ անց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ ես հնչեցրել եմ՝ հայտարարությունների տեսքով, որ պետք է խոսելու հնարավորությունը մերժենք և դրանից հետո սկսվեց քննադատությունների տարափ, բավականին լայն շրջանակն, նաև ազգայնական դաշտի քաղաքական գործիչների կողմից, կառույցների, կուսակցությունների, բայց վերջին հաշվով ցանկացած իշխանություն, եթե ցանկանում է մոտենալ խնդրի խաղաղ լուծման, պետք է սկսի հակամարտող մյուս կողմի հետ զրույցներից: Ի վերջո առաջին պատերազմի ժամանակ մենք և՛ պատերազմում էինք, և՛ երկաթգիծն էր աշխատում, ու այդ ընթացքում մենք նաև խոսում էինք, եթե լինում էր դրվագներ, որտեղ կային նաև մարդկային զոհեր, նաև փոխանակման խնդիրներ էինք լուծում: Առանց խոսելու դրանք հնարավոր չէր, նույն Նախիջևանի հետ կապված՝ մինչև 92 թվականը երկաթգիծն աշխատում էր և եղավ մի դեպք, երբ որ լարվածությունն այնքան ուժեղացավ, որ արտակարգ դրություն մտցվեց Մեղրիի շրջանում, և խնդրի լուծման համար այդ արտակարգ դրության պայմաններում կարողացանք գտնել լուծումներ Նախիջևանի իշխանությունների հետ, Հեյդար Ալիևը խոսում էր Աշոտ Մանուչյանի հետ, Մահմեդովի հետ խոսում էի ես:

Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում երկաթգծի անվտանգ գործունեության հետ կապված միջոցառումերը հնարավորություն տվեցին տևական ժամանակ շահագործել երկաթգիծը մինչև որ եկավ այն պահը, որ այլևս շահագործելը դարձավ անհնարին, որովհետև պատերազմի ծավալը սկսեց մեծանալ: Ուզում եմ ասել՝ խոսելը միշտ լավ է, խոսելուց առաջ բնականաբար, նախորդում են տեսակետների ճշտման հնարավորությունները, բայց դա արդեն այն դաշտն է, որին ես չեմ տիրապետում, դա դիվանագիտական խողովակներն են կամ միջնորդավորված խողովակներն են, բայց հնչել է հրապարակային տեսակետ Թուրքիայի նախագահի կողմից, եղել է հրապարակային պատասխան Հայաստանի վարչապետի կողմից, այստեղ պարզապես պետք է տեսնել այն հեռանկարը, որը մեզ, մեր ազգային շահերը չոտնահարելով մենք կգնանք որոշակի խնդիրների լուծման:

«Ազատություն». - Կառավարության գործունեության 21-26 թվականների ծրագրի համաձայն՝ վերանայվելու է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, ռազմական դոկտրինը, պաշտպանական պլան է մշակվելու: Հիմա ընթերցեմ մոտավորապես մեկ տարի առաջ ընդունված՝ 20 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից մի հատած՝ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը», ճի՞շտ ենք հասկանում, որ Հայաստանի անվտանգության նոր ռազմավարությունում պաշտպանական, արտաքին քաղաքականությունում Թուրքիան այլևս չի դիտվում որպես սպառնալիք:

Անդրանիկ Քոչարյան. - Խոսքը գնում է Թուրքիայի որպես սպառնալիք կամ թշնամանքը կառավարելու մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG