Հայաստանում քովիդով վարակված142 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր, 692 քաղաքացի՝ ծանր վիճակում, 60 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառական ապարատներին, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա գնահատմամբ, այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է։
Ավանեսյանի հետ հարցազրույցիցի մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Հիվանդանոցներում ի՞նչ վիճակ է, Ձեր ձեռքի տակ ի՞նչ տվյալներ կան, արդյո՞ք ծայրահեղ ծանր հիվանդներին բոլորին կարողանում է սպասարկել պետությունը։
Ավանեսյան․ - Այո՛, այս պահին մենք կարծես թե չունենք հերթագրման մեջ հիվանդ պացիենտներ, բայց, իհարկե, իրավիճակը լարված է, և արդեն 17 բժշկական կազմակերպություններ ներգրավվել են քովիդի սպասարկման մեջ, սա նշանակում է, որ գրեթե ամբողջ մահճակալային ֆոնդը, որ մենք ունենք քովիդի համար, կամաց-կամաց սպառվում է։ Ցավոք սրտի, շատ ավելի կտրուկ է վատանում մարդկանց ինքնազգացողությունը, և մենք տեսնում ենք, որ շատ ավելի շատ մահճակալների կարիք ենք զգում նման հիվանդացության տեմպի շրջանակներում։
«Ազատություն»․ - Այսինքն՝ ոչ միայն տեմպի ընթացքն է արագ, այլ նաև՝ ծանրության աստիճանը։
Ավանեսյան․ - Այո։
«Ազատություն»․ - Եվ մոտավորապես քանի՞ մարդ է այսօր հիվանդանոցում բուժում ստանում։
Ավանեսյան․ - Ընդհանուր առմամբ, մեր սոմատիկ մահճակալների թիվը 1711 է այս պահին ծավալված, որից 1546-ը զբաղված է։ Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 318 մահճակալ, որից 279-ն է զբաղված։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 142 քաղաքացի և ևս 60 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառական ապարատներին, 692 քաղաքացի էլ ծանր վիճակում է գտնվում։
«Ազատություն»․ - Նրանք առանձին ախտորոշվո՞ւմ են՝ «դելտա» է, թե ինչ շտամ է, թե՞ դա էական չէ, երբ հիվանդանոցում է։
Ավանեսյան․ - Բուժման կուրսն ընտրելու համար էական չէ՝ ինչ շտամ է, բայց մենք ժամանակ առ ժամանակ ընթացիկ հետազոտություններ անում ենք՝ համաճարակաբանորեն դիտարկելու, թե ինչ շտամ է շրջանառվում Հայաստանում, և տեսնում ենք, որ 90 տոկոսը շրջանառվող շտամերի, այո՛, «դելտա» շտամն է, և այս դեպքում էլ թոքաբորբը բավական արագ է զարգանում։ Մեր միջին հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր անձանց տարիքային տեսնում ենք իջեցում, անգամ երիտասարդի մահ ունեցանք, որը որևէ խրոնիկ հիվանդություն չուներ, և, կարծես թե, նախորդ ալիքների ժամանակ մենք նման բան չէինք ունեցել։
«Ազատություն»․ - Իսկ արդյո՞ք Հայաստանում արձանագրվել է պատվաստված մարդու հիվանդության ծանր ընթացք, գուցե՝ մահ։
Ավանեսյան․ - Այսքան պատվաստումներ իրականացնելու արդյունքում մենք որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չենք գրանցել։ Եղել են որոշակի էսպես նորմայի շրջանակներում ջերմության կամ մի քանի այլ ախտանշաններ, որոնք բնական է, կարող են լինել։ Ի՞նչ է սա ցույց տալիս, եթե համեմատենք 342 հազար պատվաստման արդյունքում որևէ խնդիր չենք ունեցել լուրջ, բայց, եթե ունենայինք նույն քանակով քովիդով հիվանդ մարդիկ, պատկերացրեք մահվան դեպքերն ինչքան կլինեին։
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․