Մատչելիության հղումներ

Վանաձորցի «կորոնափրկիչ» բուժքույրը. եզակիներից մեկը, որ «քովիդով հիվանդներից չէր վախենում»


Վանաձորցի Հասմիկ Հակոբյանին կես կատակ-կես լուրջ կորոնափրկիչ են կոչում։ Եզակի բուժքույրերից է, որ դեռ համավարակի տարածման առաջին օրերից համաձայնել է այցելել քովիդով հիվանդներին ու ներարկումներ անել։

«Մարդկանց օգնություն է պետք, մեկը պետք է գնա՞, թե՞ չէ», - նշեց Հակոբյանը:

Բուժքույրն ասում է՝ անցած տարվա հունիսին, երբ Վանաձորում տարածվեց վարակը, տնից տուն էր գնում, բժիշկների նշանակած բուժումներն անում, հիվանդներին ոտքի կանգնեցնում, հարկ եղած դեպքում ծանր հիվանդներին հիվանդանոց տեղափոխում։ Հարևաններից մինչև Լոռու հեռավոր գյուղեր այցեր է ունեցել, գտել են իրեն, երբեմն նույնիսկ զարմանքով ընդունել, թե բուժքույր Հասմիկը քովիդով հիվանդներից չի վախենում։

«Դեպք է եղել, որ ինձ զանգել են, ասել են՝ քովիդով հիվանդ է ու շատ վատ, հնարավո՞ր է գաք, ասել եմ՝ գալիս եմ, ու մտել եմ, ասել են՝ Աստված քեզ ուղարկեց, ում զանգում ենք չեն գալիս, էս ինչ լավ է եկար: Վահագնաձոր եմ գնացել, Վահագնի եմ գնացել, որ գյուղ էլ մտնում ես, դե գյուղի ժողովուրդ՝ բուժքույր է եկել քովիդով հիվանդի մոտ է գնում, արդեն մեկը մեկին՝ բուժքույր ես, կգա՞ս, մեր հիվանդին էլ կհասնե՞ս, իհարկե, կգամ: Տուն է եղել միանգամից 3-4 հոգի միացրել եմ», - ներկայացրեց Հասմիկ Հակոբյանը:

Բազմաթիվ ծանր հիվանդներ բուժած բուժքույրն ասում է՝ մի կողմից պարապությունը համավարակի առաջին ամիսների սահմանափակումների պայմաններում, հետո արդեն հիվանդների հետ նրանց դժվարությունները կիսելը ստիպել են իր համար նախկինում անծանոթ զբաղմունք գտնել։ Ասում է՝ տանը կուտակված մեխեր կային, համացանցում գտել է դրանք արդյունավետ օգտագործելու ձևը՝ Ստրինգ Արտ կոչվող ձեռագործ արվեստի միջոցով։ Փայտից, մեխերից ու թելից պատկերներ է ստանում։

«Կորոնան սկսվեց, ամենքս տանը մի բանով պետք է զբաղվեինք, մեխեր անցան մտքովս, որ մեխերով կարելի է ինչ-որ բան անել, ինտերնետով որոշեցի գտնեմ, տեսնեմ ինչ կարելի է անել, սկզբում սիրողական ինքս ինձ համար, հետո կամաց-կամաց դարձավ գործ, ինչու չէ նաև բիզնես, այսօր ես շատ պատվերներ ունեմ: Մի քիչ անհամատեղելի գործ է՝ նուրբ թելերն ու կոշտ փայտը, բայց սիրուն գործեր են ստացվում», - ասաց նա:

Արվեստի սիրելի դարձած իր զբաղմունքից խոսելիս էլ չի մոռանում հիվանդների մասին։ զանգեր է ընդունում, խորհուրդներ տալիս, գործն ընդհատում ու այցեր անում։

Հասմիկն ասում է՝ Լոռիում իր աչքի առաջ է եղել այս նոր տիպի վարակի տարածման ամբողջ ընթացքը։ Զանգերից է հասկացել՝ հիվանդացության թվերը մեծանո՞ւմ են, թե՞ նվազում։ Հաստատում է մասնագետների պնդումները, որ հիվանդությունն ավելի երիտասարդացել է։ Եթե նախորդ ամիսներին իր հիվանդները միայն մեծահասակներ էին, ապա վերջին շրջանում մինչև 40 տարեկան հիվանդներ ունի։ Իր փորձառությունից տվյալներ է բերում. հիվանդության ընթացքը բարդացել է, մահվան դեպքերը՝ շատացել։

«Հիվանդությունն ավելի երիտասարդացել է, սիմտոմներն էլ են փոխվել, հիվանդության ընթացքն էլ է փոխվել ամեն շրջանի հետ, դե աշունն էր բռնկումները, հետո ամռանն էր, ամեն շրջանի հետ հիմա նորից սկսվել է, էլի հիվանդները շատացել են», - նշեց Հակոբյանը:

Հասմիկը մտովի վերհիշում է իր ծանր ու թեթև հիվանդներին, նրանց հետ կապված որոշ հետաքրքիր դրվագներ ու զարմանքով շեշտում, որ դեռ այսօր էլ մարդիկ կան, որոնք ամաչում են քովիդով վարակվելու համար ու ամեն կերպ փորձում են գաղտնի պահել այն. «Հիմա էլ կան շատ-շատերը, որ անհարմար էին զգում, որ իրենք քովիդով վարակված են ու չէին ասում, խուսափում էին, դեպք է եղել, որ դեղատանը բուժքույր են ուզեցել, որ գնա մոտենա, իրենց սրսկումները կատարի, ասել են՝ թաղամասից չլինի բուժքույրը, որ հանկարծ չիմանա, որ ես քովիդ եմ: Ես էլ ասում էի՝ ասեք բուժքույրն էլ է քովիդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG