Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնը պատրաստվում է 156-րդ թատերաշրջանին


Գյումրիի դրամատիկական թատրոնը պատրաստվում է 156-րդ թատերաշրջանին: Աճեմյանցիները հանդիսատեսին երեք պրեմիերայով են ներկայանալու:
Առաջին ներկայացումը Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին» պիեսն է, որը բեմադրել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ մեր օրերի համար խիստ անհրաժեշտ բեմականացում է:

«Ներկայացում է, որտեղ խոսվում է բարության, հոգատարության ու սիրո մասին։ կարծում ենք, որ առավել ևս այսօր, այն ժամանակներում, ինչ մենք ենք ապրում, այս պիեսը բավականին արդիական է ու պետք է հանդիսատեսին։ Այս ներկայացումը նաև դպրոցականների համար ենք մենք նախատեսում, ծրագրային, որովհետև, կարծում եմ, յուրաքանչյուր դպրոցական ու յուրաքանչյուր աշակերտ պիտի դիտի Սարոյանի պիեսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Թատրոնի փոքր բեմում ևս առաջնախաղ է նախատեսված: Երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քայլեր» պիեսը նույնպես արդիական է ու մարդու ապրելու իրավունքի մասին է:

«Այն թեման, ինչ արծարծվում է այս պիեսում, կարծում եմ, շատ կարևոր է։ Սա ապրելու իրավունքի մասին է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու և ինքն է որոշում, որևէ մեկն իրավունք չունի իր ճակատագիրը փոխել։ Ու համոզված եմ, որ այդ ներկայացումը հատկապես երիտասարդները շատ կսիրեն ու կընկալեն, որովհետև հասցեատերը երիտասարդներն են», - նշեց տնօրենը։

Թատրոնը վերջին 20 տարվա պատմության մեջ առաջին անգամ բավականին մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրս պահանջող ներկայացում է բեմադրում՝ «Մաուգլի»-ն, որը ոչ թե մանուկների, այլ մեծահասակների համար է։ Ռիսկի են դիմել ու մեծ գումարներ ծախսել դեկորացիաների և հագուստների ձևավորման համար, ինչը, Լյուդվիգ Հարությունյանի կարծիքով, կարդարացնի ներկայացումը դիտող ցանկացած հանդիսատես:

«Փորձել ենք ինչքան հնարավոր է այսօր, 21-րդ դարում հնչեցնել ավելի ժամանակակից, այսօրվա շեշտադրումներով, և ներկայացումը չի լինելու ցերեկային, այլ լինելու է երեկոյան, որովհետև ներկայացման մեջ կան հետաքրքիր ենթաշերտեր, որոնք այսօր շատ արդիական են», - ընդգծեց Հարությունյանը։ - «Ջունգլիները փոխաբերական իմաստով է մեզ մոտ։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել ճշմարիտ խաղին, և կփորձենք ինչքան հնարավոր է ջունգլիները ներկայացնել իրական, իսկ ջունգլիներում կատարվող գործողությունները համեմատել մեր կյանքում կատարվող գործողությունների հետ»։

Թատրոնն այս թատերաշրջանի ընթացքում մեծ բեմ է տրամադրել նաև սկսնակ դերասաններին: Համավարակի պայամաններում, երբ սահմանափակվել էր նաև թատրոնի գործունեությունը, որոշակի ֆինանսական խնդիրներ առաջ եկան, քանի որ աշխատակազմից, ըստ Հարությունյանի, կրճատումներ չեղան: Նախարարության աջակցությամբ ֆինանսական հարցերը կարգավորվել են: Այս տարվա փետրվարից, երբ սկսեցին լիարժեք գործել, 50-ից ավելի ներկայացում են խաղացել ու բավականին մեծ թվով հանդիսատեսի կրկին թատրոն բերել:

«Գյումրու թատրոնը 9 հազարից ավել դպրոցական երեխաների սպասարկել է ներկայացում, որոնք անվճար դիտել են թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումները։ Ինչու աննախադեպ՝ որովհետև այդ ծավալով ոչ մի տեղ, եթե չեմ սխալվում, չի եղել, և ասեմ, որ հանդիսատեսը ոչ միայն Գյումրիից էր, այլև Հայաստանի տարբեր մարզերից», - ասաց թատրոնի տնօրենը։

XS
SM
MD
LG