Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնն առաջին բացօթյա ներկայացումը բեմադրեց երեխաների համար


Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Աճեմյանցիները նաև մեծահասակների համար են նախատեսում բացօթյա ներկայացում բեմադրել:

Գյումրիի դրամատիկական թատրոնը վերաբացումից հետո առաջին բացօթյա ներկայացումը բեմադրեց փոքրիկների համար` ոչ թե սեփական, այլ՝ Հայորդյաց տան բակում։

Սոցիալական հեռավորությունը պահելու համար աթոռներն իրարից հեռու էին դրել, իսկ աշխատակիցները դիմակներով, ախտահանիչ նյութերով ու ջերմաչափով սպասում էին դեռ մարտ ամսից տոմս ձեռք բերած հանդիսատեսին:

Առաջին բացօթյա ներկայացումը աճեմյանցիների համար նաև փորձություն էր: Որոշ հանգամանքներ հաշվի չէին առել: Հաջորդին արդեն որոշակի շտկումներ կլինեն, ասաց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

«Էս ներկայացումը պիտի թատրոնում կայանար: Դե բնական է՝ բացօթյայի մեջ դեկորացիան կիսատ է, հնարավորություններ էդպիսի չկան: Սա պիտի լիներ մարտի 14-ին այս առաջնախաղը, որը և մենք արեցինք սեպտեմբերի 1-ին, և հասկացանք մի կարևոր բան, որ իհարկե բացօթյան լավ է, բայց Գյումրիում լավ գիտեք պայմանները, փոքր-ինչ երեխաների համար համապատասխան պայմաններ, այսինքն՝ ավելի հով տարածք պիտի լինի: Էսօր ես հասկացա, և հաջորդը մենք կփորձենք էնպես անել, որպեսզի երեխաները նաև շոգ չլինի իրենց համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը՝ շարունակելով. - «Սա առաջին փորձն էր՝ թերացումներով հանդերձ, բայց կարծում եմ, որ ստացվեց, և անչափ ուրախ եմ, որ եկել են ծնողները»:

Աճեմյանցիներն ակնկալում են, որ նոր՝ 155-րդ թատերաշրջանի բացմանն ընդառաջ պարետատունը կթույլատրի նաև որոշակի սահմանափակումներով վերաբացել հենց թատրոնը:

«Սպասում ենք ու վստահ ենք, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու, համավարակը պիտի արդեն քչանա, ու մենք կարողանանք մեր երկու նոր պրեմիերաները արդեն մեր բեմում խաղալ», - ասաց տնօրենը:

Դերասաններն էլ են անհամբեր սպասում, թե երբ են թատրոնի դռները բացվելու, որ ոչ թե բացօթյա տարածքում, այլ հենց բեմին ներկայանան հանդիսատեսին։ Դերասան Արսեն Սաղաթելյանը հենց բեմն է կարոտել: «Կուզենանք, որ, թատրոնի դահլիճային պայմանների մասին է խոսք, դռները ինչքան հնարավոր է շուտ բացվեն հանդիսատեսի առաջ, որովհետև, անկախ ամեն ինչից, ստեղծագործող մարդը, դրամատիկական թատրոնում աշխատող դերասանը ամենից շատ կարոտել է հենց այդ բեմին», - շեշտեց դերասանը:

Աճեմյանցիները նաև մեծահասակների համար են նախատեսում բացօթյա ներկայացում բեմադրել, առայժմ տեղանքի հարցն են քննարկում։

XS
SM
MD
LG