Գյումրիի դրամատիկական թատրոնի ամենապահանջված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը արդեն որպես ֆիլմ ապրիլին մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:
65 անգամ հանդիսատեսին ներկայացված բեմադրությունը դեռ պահանջված է հանդիսատեսի կողմից: Քանի որ այն դիտելու ցանկություն ունեին նաև սփյուռքում, որոշվեց ներկայացման հիման վրա ֆիլմ նկարել նույն դերասանական կազմով: Այս ֆորմատով առաջին անգամ է Հայաստանում ֆիլմ նկարահանվում, ասում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
«Մեծագույն սիրով ընդունեցի այս առաջարկը, մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի ստանանք հետաքրքիր աշխատանք։ Պիտի ասեմ, որ ֆորմատի իմաստով համենայնդեպս նորություն է, այսինքն դեռևս նախադեպը չունի այս ֆորմատը։ Ես չեմ ուզում շատ գաղտնիքներ բացել, մենք բոլորս գիտենք, որ մենք պայմանական բեմում ենք աշխատում, բայց նկարում ենք կինոյի լեզվով և այստեղ, ինչ խոսք, մենք էքսպերիմենտներ արել ենք, այնպիսի էքսպերիմենտներ, ուրախությամբ կարելի է ասել, որ դեռ ոչ մեկ չի արել թատրոնում։ Այսինքն՝ թատրոնի և կինոյի նոր սինթեզ է, որը, կարծում եմ, հետաքրքիր կինի և ինչու չէ նաև կարող է ինքը շարունակական բնույթ կրի», - ասաց Հարությունյանը։
Նկարահանումներն ավարտված են, առջևում մոնտաժային ու ձայնագրման աշխատանքներն են: Ներկայացումը դիտած հանդիսատեսը ի՞նչ փոփոխություն կտեսնի ֆիլմում:
«Էն մարդիկ, ովքեր տեսել են, իրենց համար հաճելի, հետաքրքիր փոփոխություններ կլինեն, այն մարդիկ, ովքեր չեն տեսել, դա կլինի ամբողջական և մեկ հետաքրքիր բան։ Հուսով ենք, որ էմոցիոնալ և հույզերով լի հանդիսատես կունենանք», - նշեց ռեժիսորը։
Դերասանները, ովքեր 65 անգամ խաղացել են նույն կերպարները բեմից ու կադրից այն կողմ տարբերությունն են ներկայացնում. երկուսն էլ հավասարաչափ դժվար է, ասում է գլխավոր դերակատարներից Տարոն Գրիգորյան:
«Այստեղ սխալվելու իրավունք կա, կարող ես սխալվել, նորից փորձել և այլն, բայց դժվարության առումով երևի թե հավասարաչափ դժվար են, որովհետև ամեն մեկն իր առանձնահատուկ մոտեցումն է պահանջում։ Բայց որ համեմատեմ ու ասեմ էս ավելի դժվար է կամ էս է ավելի դժվար, երևի հնարավոր չէ», - ասաց Գրիգորյանը։
Դերասաններից Տիգրան Գաբոյանը, համեմատելով կինոն ու թատրոնը, ասաց, թե երկուսն էլ նույն կրոնին են պատկանում, ուղղակի նրանց դավանանքներն են տարբեր:
«Ինքը ավելի շատ էկումենիկ բնույթ է կրում, որովհետև սա ո՛չ ֆիլմ է, ո՛չ թատրոն է՝ սրանց միացումն է իրար։ Ինչ մնում է դերասանի խաղին, տեղափոխվելուն, որովհետև 65 և ավելի անգամներ խաղացվել է բեմում, և տեղափոխումը դեպի էկրանավորում ասեմ, որ ոչ մի բանով ներկայացումը չի տուժել, էն զգացողությունները, ամեն ինչ պահպանվել է, դերասանական խաղը պահպանվել է, ուղղակի այն, ինչ բեմի վրա մի քիչ ավելի մեծ են անում, ավելի մեղմել են, ավելի զսպել են, ավելի մոտեցրել են կինոյի լեզվին», - ընդգծեց Գաբոյանը։
«Հարսանիք թիկունքում» ներկայացման ռեժիսոր, Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ երբ ներկայացման նկատմամբ հանդիսատեսը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց, մտածում էին այն հասու դարձնել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ապրող ցանկացած հայի: Եվ երկար քննարկումների արդյունքում որոշեցին «Հարսանիք թիկունքում»-ը էկրանավորել:
«Ֆիլմի ստեղծման նպատակը միայն այն չէր, որ երկուսն էլ լինեին և վերջ, այլ ֆիլմը մեզ հնարավորություն կտա այս պատմությունը տեսնել Հայաստանից դուրս շատ-շատ տեղեր, ինչպես գիտեք, մենք մի քանի տեղեր, երկրներ հրավերներ ունեինք, որ ներկայացումը խաղայինք, բայց ինքն իր տեխնիկական հնարավորություններով չէր կարող լինել, իսկ հիմա մենք այդ հնարավորությունը կունենանք ու ամբողջ աշխարհով մեկ կուզենանք էս հայի ընտանիքի պատմությունը, առավել ևս գյումրեցի ընտանիքի պատմությունը լինի ամեն տեղ։ Առաջին նպատակը հենց դա է եղել», - ասաց Հարությունյանը։
Ֆիլմ նկարահանելու համար, բնականաբար, ֆինանսական միջոցներ են պահանջվում: Ո՞վ է ֆինանսավորել: «Մշակույթի նախարարության աջակցությամբ է եղել, դրա հետ մեկտեղ նաև MITOYAN Production-ի կողմից ֆինանսավորումը եղել է, որովհետև ինքը բավականին մեծ աշխատանք էր, որ մեզ միացավ նաև Մշակույթի նախարարությունը և աջակցեց, մոտ 12 միլիոն դրամ միայն Մշակույթի նախարարությունն է աջակցել ֆիլմի ստեղծման համար, մնացածն արդեն MITOYAN Production-ը», - ներկայացրեց Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենը։
Ֆիլմի էկրան բարձրանալուն զուգահեռ արդյո՞ք թատրոնի բեմում շարունակելու է բեմադրվել ներկայացումը, մեկը մյուսին չի՞ խանգարի, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանեց. «Դեռ շարունակում ենք խաղալ ու խաղալու ենք, ես չեմ կարծում, որ խանգարելու է տվյալ դեպքում, որովհետև էն հանդիսատեսը, ով դիտել է այս ներկայացումը, կուզենա նաև էկրանավորման տարբերակը տեսնել»։
Առայժմ քննարկում են, թե առաջինը որտեղ էկրան կբարձրանա ֆիլմը՝ Գյումրիո՞ւմ, թե՞ Երևանում։