Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևն ընդունել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածու առաջադրվելու և երկրորդ ժամկետի համար պայքարելու առաջարկը:
Ուզբեկստանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան հոկտեմբերի 24-ին: Իշխանությանը սատարելու դիրքերից հանդես եկող լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Միրզիոևին այդ առաջարկով դիմել է երեկ Տաշքենդում տեղի ունեցած համագումարում:
Ընդունելով առաջարկը, Միրզիոևը խոստացել է արագացնել բարեփոխումները: Մինչ այդ հանրության շրջանում հնչեցվել են խիստ քննադատական հայտարարություններ այն կապակցությամբ, որ Միրզիոևը նախագահության առաջին ժամկետի ընթացքում չի կատարել լուրջ բարեփոխումներ իրականացնելու խոստումները և փոխարենը հալածանքների է ենթարկել ընդդիմախոսներին:
Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկիրն է, որտեղ ապրում է 35 միլիոն մարդ:
Ենթադրվում է, որ Միրզիոևն առանց դժվարության կվերընտրվի, քանի որ մյուս չորս թեկնածուները քաղաքական կշիռ չունեցող սոսկ խորհրդանշական մրցակիցներ են:
Միրզիոևը երեկ խոստացել է հաղթանակի դեպքում երկիրն ապահովել արագ համացանցով, գրեթե կրկնապատկել մեկ շնչի հաշվով եկամուտը և ներկայիս 1700 դոլարից այն հասցնել 4 հազար դոլարի: Բացի այդ, նա խոստացել է անձնական պաշտպանության տակ վերցնել լրագրողներին:
Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հանդիսացել է նաև երկրի նախորդ նախագահի՝ Իսլամ Քարիմովի քաղաքական հենարանը:
Քարիմովն Ուզբեկստանի ղեկավար է դարձել դեռ Խորհրդային Միության փլուզումից առաջ և պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 2-ին վրա հասած մահը:
Ստանձնելով Ուզբեկստանի ղեկավարումը, Միրզիոևը փորձել է ներկայանալ որպես բարեփոխական, կարգադրել է ազատել քաղաքական բանտարկյալներին և բացել երկրի սահմանները ոչ միայն հարևան, այլև հեռավոր պետությունների առաջ:
Այդուհանդերձ, ըստ քննադատների, նա ձախողվել է շատ բնագավառներում: Նրանք, մասնավորապես, նշում են, թե Միրզիոևն ասել է, որ չի առարկում Ուզբեկստանում ընդդիմադիր քաղաքական խմբերի գործունեության դեմ, սակայն առայսօր ոչ մի ընդդիմադիր չի կարողացել թեկնածու գրանցվել նախագահական ընտրություններում: