Մատչելիության հղումներ

Քարիմովը ծայրահեղ վիճակում է, հայտարարում է Ուզբեկստանի կառավարությունը


Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, հունիս, 2016թ․
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, հունիս, 2016թ․

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քրիմովը ծայրահեղ վիճակում է, այսօր առավոտյան հայտարարել է երկրի կառավարությունը:

«Սրտի մեծ ցավով հայտնում ենք, որ նախօրեին մեր երկրի նախագահի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է», - ասված է քառօրյա լռությունից հետո կառավարության տարածած հայտարարության մեջ:

Reuters լրատվական գործակալությունը, մինչդեռ, հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդում է, թե 78 ամյա առաջնորդը մահացել է:

Երեկ Ուզբեկստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին նախագահը չի մասնակցել, իսկ գիշերը որոշ նախապատրաստական աշխատանքներ են նկատվել Քարիմովի հայրենի Սամարղանդում՝ քաղաքի փողոցները փակվել են, հրատապ կարգով վերանորոգվել և մաքրվել, ակտիվություն է նկատվել նաև հրապարակի մզկիթի շուրջ:

Կիրակի օրը, երբ Ուզբեկստանի կառավարությունը հայտարարեց, որ նախագահը կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց, որոշ լրատվամիջոցներ և իրավապաշտպաններ հաղորդեցին, որ Քարիմովը մահացել է: Այդ տեղեկությունը հերքող հայտարարություն հայտնվեց Ուզբեկստանի նախագահի կրտսեր դստեր թվիթերյան էջում։

Իսլամ Քարիմովը 1989-ին ստանձնել է Ուզբեկստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, 1990-ին Գերագույն խորհրդում ընտրվել նախագահ, 1991-ից՝ հաղթել երկրում անցկացված բոլոր նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG