Միացյալ Նահանգները Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովային հեռակա մեղադրանք է առաջադրել կաշառակերության և 865 միլիոն դոլարի լվացման մեջ: Այս մասին ասվում է Նյու Յորքի դատախազության հաղորդագրությունում:
Մեղադրող կողմը պնդում է, որ Քարիմովան և նրա գործընկերը՝ ռուսաստանյան MTS ընկերության Ուզբեկստանի դուստր կազմակերպության ղեկավար Բեխզոդա Ահմեդովը հանցավոր գործարքի միջոցով խախտել են ամերիկյան օրենքը, որը Միացյալ Նահանգների դատախազությունը գնահատում է որպես ամենախոշոր խախտումը երկրի դատարանների պատմության մեջ:
46-ամյա Քարիմովան հայրենիքում մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու, յուրացումների, շորթումների ու այլ հանցագործությունների մեջ և 2017 թվականին մեկ այլ դատավճռով դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Պատիժը կրելու տարբերակ էր ընտրվել տնային կալանքը, սակայն օրեր առաջ Ուզբեկստանի իշխանությունները խստացրել են նրա պատիժը՝ տնային կալանքը փոխարինելով բանտարկությամբ: Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Քարիմովան «չարամտորեն» խախտել է տնային կալանքի պայմանները:
Ձերբակալվելուց առաջ Գյուլնարա Քարիմովան համարվում էր Կենտրոնական Ասիայի ազդեցիկ մարդկանցից մեկը և Ուզբեկստանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինող հավանական թեկնածու: Նրա հայրը՝ Իսլամ Քարիմովը 27 տարի ղեկավարել է Ուզբեկստանը: Քարիմովը մահացել է 2016 թվականին:
Տե՛ս նաև այստեղ