Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր 1998 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, թատրոնն իր դռները հանդիսատեսի առջև բացում է նոր՝ այս տարի բեմադրված ներկայացումներով, որոնց կհաջորդեն արդեն խաղացանկային այլ ներկայացումներ: Առաջիկայում կրկին նախատեսվում նոր պրեմիերաներ:
Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս թատերախումբը հյուրախաղերի չի մեկնել համավարակի պատճառով, իսկ մինչ այդ տարեկան 4-5 միջազգային փառատոների հրավերներ էին ստանում և մասնակցում այն փառատոներին, որոնց ծախսերը հրավիրող կողմն էր հոգում: Համավարակի պատճառով տարբեր միջազգային փառատոներ հետաձգվել են մինչև 2022-23 թվականները:
«Միայն անցյալ տարի մենք հինգ հրավեր ունեինք տարբեր երկրներից, որտեղ փառատոների ու մրցույթների պիտի մասնակցեինք։ Ցավոք, դրանք տեղի չունեցան, որովհետև լոքդաուն էր, մեծ մասը տեղի ունեցավ օնլայն ռեժիմով», - նշեց Դադասյանը։
Ինչ վերաբերում է մարզային հյուրախաղերին, ապա այս տարի ևս Մնջախաղի պետական թատրոնն անմասն է մնացել դրանցից, թեև այս տարի մի շարք թատերախմբեր, երաժշտական կոլեկտիվներ հանդես եկան Արցախում և սահմանամերձ բնակավայրերում:
«Նախկինում գոնե ինչ-որ համակարգված բնույթ էր դա կրում, ինչ-որ ձևով կազմակերպվում էր, հիմա, օրինակ մեզ նման առաջարկներ չի եղել, ցավոք սրտի։ Դրանք որոշակի ծախսերի հետ են կապված, որը հատկապես մեր թատրոնը իրեն թույլ տալ չի կարող, որովհետև մենք լրացուցիչ որևէ եկամուտ չենք կարողանում երբևիցե ունենալ։ Մենք ո'չ սեփական մեր տարածքն ունենք, ո'չ հնարավորություն ունենք։ Այսինքն՝ միշտ նման դեպքերում նախկինում առանձին դրամաշնորհներ էին լինում, թեկուզ սիմվոլիկ ինչ-որ գումարներով, որով հնարավոր էր լինում կազմակերպել այդ այցելությունները։ Ցավոք, այս տարի մեզ չեն առաջարկել, որ մենք այդ ծրագրերի մասնակից լինենք, բայց ինքնուրույն ձեռնարկելն էլ կախված է էլի ինչ-որ խնդիրներից։ Փորձում ենք լուծել, փորձում ենք մտածել։ Մեր պարագայում, մենք այնքան սպասողական վիճակում ենք արդեն երրորդ տարին կլինի», - ասաց Ժիրայր Դադասյանը։
Խոսքը թատրոնին հատկացված Գևորգ Քոչարի 21 հասցեում գտնվող, պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի մասին է, որտեղ վերջապես հանգրվանելու էր իր գոյության ավելի քան 45 տարիների ընթացքում սեփական տանիքը չունեցող Երևանի Մնջախաղի պետական թատրոնը: Շենքի հիմնանորոգման աշխատանքները, սակայն, դադարեցվել են, և թե երբ կվերսկսվեն, Ժիրայր Դադասյանին հայտնի չէ. - «Մի մասը արված է շինարարության։ Բայց բեմի, դահլիճի ամբողջ հատվածը, որը որ դրսից շատ պարզ երևում է, որ ոչ մի աշխատանք չի տարվում։ Դա կապված է հուշարձան լինելու հանգամանքի հետ, ինչ-որ փաստաթղթային, նոր պրոյեկտ անելու հետ։ Էդ պրոյեկտը պիտի նորից արվի, նորից բոլոր ինստանցիաներով անցնի։ Քանի որ հուշարձան է, կառավարության նիստով պիտի հաստատվի թույլտվությունը, որով ինչ-որ շինարարական փոփոխություն, տեղափոխություն արվի...»
Դադասյանը չի կարծում, թե մինչև տարեվերջ կավարտվի շինարարությունը. - «Այսպես կոչված ակտիվիստների ակտիվ միջամտության արդյունքում, որ ձևափոխության չենթարկվի... մենք դրան համաձայն ենք։ Անգամ էդ պարագայում չի գնում առաջ... Այդ աղմուկն էլ ինձ համար մի քիչ տրամաբանական չէր։ Այնքան էդպիսի բաներ են տեղի ունենում էս իշխանությունների ժամանակ։ Տեսնում ենք, չէ՞, էդ ֆիզիկայի ինստիտուտի այգու պատմությունը, ամեն ինչն էլ տեսնում ենք։ Մարդիկ պայքարում են, բայց արվում է շինարարությունը։ Էս դեպքում չարվեց։ Եվ դա այն դեպքում, որ այդտեղ ոչ թե շենք պիտի սարքվեր, այլ պետք է լիներ մշակութային կենտրոն, թատրոն, որը իր միջավայրը կբերեր, և կբերի իր միջավայրը, և կարող է վաղը դառնալ իսկապես հուշարձան, ընկալվի որպես հուշարձան։ Էս գիտակցումը, ցավոք սրտի, չեղավ։ Այնուամենայնիվ, մեզ պետք են աշխատանքային պայմաններ, մենք սպասում են, մինչև որոշում կայացնեն ու շարունակեն, ավարտին հասցնեն գործը»։