Մատչելիության հղումներ

Մշակութային գործիչներն անհրաժեշտ են համարում Մնջախաղի թատրոնի սեփական տարածք ունենալը


Դեռ 2017 թվականին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ Գևորգ Քոչարի 21 հասցեում գտնվող Գրապալատի տարածքը անհատույց սեփականության տրվեց Մնջախաղի թատրոնին, որը ստեղծման օրից ի վեր սեփական շենք այս 35 տարիների ընթացքում չի ունեցել։

Պատկան մարմինների ղեկավարների, լրագրողների, արվեստագետների ներկայությամբ 2017-ին մեծ ցնծությամբ և հուզմունքով ազդարարվեց, որ վերջապես թատրոնը շենք կունենա, ներկայացվեց նախագիծը և այլն, բայց թավշյա հեղափոխությունից հետո մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի օրոք չեղարկվեց նախկին ծրագիրը, քանի որ պարզվեց, որ շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է գտնվում, և եղած նախագծով հիմնանորոգումից հետո շենքի պատմամշակութային արժեքը կարող է խաթարվել։

Մնջախաղի թատրոնին կրկին հանդիսությամբ, լրագրողների, արվեստագետների ներկայությամբ նոր տարածք հատկացվեց՝ Մոսկովյան 5 հասցեում գտնող Զինկոմիսարիատին պատկանող շենքը, որը, սակայն, 6 ամիս անց պարզվեց, որ քաղաքային զինկոմիսարիատը չի փոխանցում Մշակույթի նախարարության տնօրինությանը։ Թատրոնը կրկին առանց շենքի մնաց: Եվ ահա բոլորովին վերջերս՝ մոտ 2 շաբաթ առաջ, կրկին մեծ ուրախությամբ, ցնծությամբ, լրագրողների ու արվեստագետների ներկայությամբ պատկան մարմինների կողմից ազդարարվեց, որ թատրոնը վերջապես տանիք կունենա, իր շենքն այն տարածքում, որը դեռ նախկին նախարար Ամիրյանի օրոք կառավարության կողմից անհատույց սեփականաշնորհման էր հատկացվել թատրոնին։

Հիմա էլ ահա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ակտիվիստ ճարտարապետներն ընդվզեցին և սուր քննադատության ենթարկեցին նորից պատմամշակութայյին շենքը հիմնանորոգելու և թատրոնին հանձնելու պետության ծրագիրը։ Ի պատասխան նրանց քննադատության՝ այսօր ասուլիսով հանդես եկան մշակույթի գծով փոխնախարարներ Արա Խզմալյանն ու Նարինե Խաչատուրյանը։

«Այս չնաշխարհիկ շենքը, որ բավական մեծ ծավալ ունի և մի քանի փողոցներ է ներառում իր մեջ, նաև հուշարձանների ցանկում է գրանցված: Կոնկրետ այն հատվածը, որը հիմա խնդրո առարկա է, այսինքն՝ Քոչար 21-ը նշված չի իբրև հուշարձանային մաս: Հիմա սա վիճարկման նյութ է տալիս, այսինքն՝ հենց այս կտորը ցուցակում ներառված չէ», - ասաց Խաչատուրյանը:

Խզմալյանն էլ հավելեց, որ առաջին անգամ վերցնում են տարածք, պետական միջոցներով ստեղծում են մշակութային միջավայր. - «Սրա դեմ խոսելը, եթե առավել ևս տակը չկա իրավական որևէ շեղում, կարգի շեղում, ես համարում եմ շատ տարօրինակ: Սա շատ տարօրինակ վիճակ է, և մենք՝ տեղակալներս, ստիպված ենք լինում արհեստական օրակարգի դեմ այ այսպես կարևոր, ստրատեգիկ գործերը թողնել և ապատեղեկատվության դեմ պայքարել անընդհատ: Կարծիքներ են հնչում, որ մեզ պետք չի Մնջախաղի թատրոն, այսինքն՝ մեկ, երկուսը որոշել են, որ Հայաստանի Հանրապետությանը Մնջախաղի թատրոն պետք չի, մինչդեռ մշակութային մեր առաջնահերթության մեջ այս թատրոնը, այս հարթակը, որ պիտի ձևավորվի, պիտի դառնա լրջագույն լաբորատորիա բոլոր մյուս թատրոնների համար: Մենք լուրջ խնդիրներ ենք մասնագիտական դնելու այս թատրոնի և այս հարթակի առջև», - հայտարարեց նա:

Ասուլիսին ներկա Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետ Արսեն Միրզոյանի խոսքով էլ՝ ի սկզբանե նախագիծը մշակվել է 16-17 թվականներին. - «Իր մեջ ամենախնդրահարույց հատվածը մուտքային հանգույցն էր: Մեր նախաձեռնությամբ նախագիծը վերանայվեց, իհարկե քննարկվեց, այդ մուտքային հանգույցը հանել ենք, մի փոքր ավելի ներքևի հատվածից՝ ընդհանուր մուտքից արդեն նախատեսվել է Մնջախաղի թատրոնի ապագա շենքի մուտքը»:

Մնջախաղի թատրոնի երկարամյա տնօրեն Ժիրայր Դադասյանին իր զորակցություն էր այսօր եկել հայտնելու նաև Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Երկուսն էլ վստահ են, որ թատրոնի նոր շենքը նոր դիմագիծ կբերի մեր մայրաքաղաքին. - «Մնջախաղի թատրոն ունենալը պատվի հարց է Հայաստանի համար, ինչպես և Օպերայի թատրոնը, ինչպես և Տիկնիկային թատրոնը, Դրամատիկ և այլն: Կարևորագույն խնդիր է կատարում այս թատրոնը, և ես կարծում եմ, որ շնորհակալ պիտի լինենք այս թատրոնի բոլոր աշխատողներին ու ղեկավարներին այս 36 տարվա ընթացքում: Ես չեմ պատկերացնում որևէ թատրոն, որը չունենա հիմնական տեղ և կարողանա ապրել ու չքանդվել և շարունակել պահանջված լինել և՛ արտերկրում, և՛ կարողանա փառատոններ անցկացնել», - ասաց Ռուբեն Բաբայանը:

Ժիրայր Դադասյանն էլ նկատեց. - «Իմ ցանկությունն էր, որ առհասարակ 36 տարի պետական կարգավիճակ ունեցող միակ թատրոնը, որ չունի շենք, ունենա շենք: Մենք պետական թատրոն ենք, պետական այնպիսի թատրոն ենք, ինչպիսին բոլոր մյուս պետական թատրոնները: Պետությունը, որ կառավարության որոշումով ստեղծում է պետական կառույց, տվյալ դեպքում թատրոն, պարտավորվում է ապահովել պայմաններ, որը մենք 36 տարի չենք ունեցել»:








XS
SM
MD
LG