Մատչելիության հղումներ

«Տպարանի շենքում շինարարությունը պետք է դադարեցվի, նախագիծը՝ փոխվի». Սարհատ Պետրոսյան


«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության անդամները երկխոսություն են սկսել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ։

«Անհույս չենք», - ասում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Այնուամենայնիվ առանց կառավարության որոշման քանդված փակ շուկայի հետ Քոչարի 21 հասցեում սկսված շինարարությունը նմանություն ունի։ Գրապալատի պատմական շենք շինարարները մտել են առանց կառավարության որոշման, որ անհրաժեշտ է հուշարձան շենքերի փոփոխության դեպքում։

«Հստակ օրենքի պահանջի խախտմամբ են տեղի ունենում գործընթացները», - նշեց Պետրոսյանը։

Մշակույթի գերատեսչությունից բացատրում են առայժմ շենքի ամրակայման համար պայմաններ ենք ստեղծում, արտաքին տեսքի փոփոխություն կլինի գործադիրի որոշումից հետո։ Ճարտարապետ Պետրոսյանը պնդում է՝ որոշումը պարտադիր է։ Գրապալատի պատմական շենքում շինարարության փոշի բարձրացավ օրեր առաջ։ Վերին հարկում պետք է Մնջախաղի թատրոնի համար տարածք կառուցվի, նախագծով՝ մոտ մեկ մետրով շենքը բարձրանում է, որպեսզի թատրոնը դահլիճ ունենա։

«Ոչ թե դուր չի գալիս, նախագիծը սխալ է, այդ նախագծով չի կարելի վերականգնել շենք, շենքի վրա ներգործությունը, միջամտությունը պետք է լինի գրագետ և մասնագիտական շրջանակների համար ընդունելի», - ընդգծեց Սարհատ Պետրոսյանը։

Ճարտարապետը պնդում է՝ Մնջախաղի թատրոնի էսքիզը խղճուկ է, պետք է նոր մրցույթ և նոր նախագիծ, հույս ունի՝ պատասխանատուների հետ բանակցությունները արդյունք կտան։

«Չունենք համաձայնություն, որ շինարարությունը կկանգնեցվի, բայց կարծում են՝ կհասնենք դրան, բայց ունենք ավելի շատ հասկացվածություն, փոխհամաձայնություն, որ կլինի նոր նախագիծ, և մենք չենք ունենա էդ խղճուկ թատրոնը», - նշեց Սարհատ Պետրոսյանը։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ եթե գրագետ նախագիծ լինի, շենքի տեսքին ոչինչ չի սպառնա, հարցին ընդհանրապես փիլիսոփայորեն է նայում. «Էնքան աղճատված կառույցներ կան Երևանում և, կներեք, ոմանք շատ ավելի արժեքավոր բոլոր տեսանկյուններից, որ աղճատված է էն էլ ինչ մակարդակով, որ ասում է՝ տար Աստված, որ ամենամեծ խնդիրը էդ շենքը լիներ»։

«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության հեղինակներից Իզաբելլա Սարգսյանը կարևոր է համարում, որ երկխոսությունը գործադիրի հետ դառնա լավ նախադեպ, և Երևանի պատմական ժառանգության վերաբերյալ հարցերը փակ կաբինետներից դուրս գան ու թեմա դառնան հանրային հարթակում։

«Ոչ թե ռեակտիվ, ամեն անգամ ռեակցիա լինի և կետային էս շենքը, էն շենքը, մի շենքից մյուս շենք շարունակենք վազել, ինչպես արել ենք առաջներում, այլ կարողանանք էդ հանրային հարթակի միջոցով մեր համեմատաբար նոր կառավարության հետ ստեղծել էֆեկտիվ երկխոսություն», - ասաց Սարգսյանը։

Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ մասնագիտական քննարկումները կարևոր են, բայց պարզ քաղաքացու ձայնը նույնպես պետք է լսելի լինի. «Կա կարծիք, որ «դուք անգրագետ պողոսներ եք», ինչը հասկանալի է, ես չեմ հավակնում, որ ճարտարապետությունից կամ քաղաքաշինությունից, ուրբանիստիկայից շատ բան եմ հասկանում, բնավ, ոչ, բայց դա չի նշանակում, որ ես կամ յուրաքանչյուրը, լինելով էս քաղաքի բնակիչ և էս երկրի քաղաքացի, իրավունք չունենք կամ պիտի կտրված լինենք որոշումների կայացման ընթացքից»։

Մշակույթի գերատեսչության հետ պատրաստվում են քննարկել նաև Գրապալատի համալիրի տարբեր հատվածներում ծվարած սննդի օբյեկտների հարցը, հուշարձան շենքերի առաջին հարկերը ձևափոխվել ու ռեստորանային կերպարանք են ստացել։ Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը ողջունում է հուշարձան շենքի պահպանությամբ մտահոգ քաղաքացիների հետ երկխոսությունը, ասաց՝ կողմն են, որ Մնջախաղի թատրոնի նախագիծը բարելավվի։

«Ամեն ինչ պատրաստ ենք քննարկելու վստահ ենք, որ ազնիվ են բոլորի նպատակները, բայց պիտի գնանք էն ճանապարհով, որ դա լինի մաքսիմալ արագ ժամանակահատվածում, այսինքն՝ մենք էլի հանկարծ օրակարգային չդարձնենք թատրոնի լինել-չլինելու խնդիրը։ Թատրոնը օր առաջ պետք է ունենա տանիք, պետք է ունենա հանգրվան», - ասաց Խզմալյանը։

Փոխնախարարը խնդրում է հիշել՝ Մնջախաղի թատրոնը սեփական տարածք ունենալուն սպասում է 35 տարի։

XS
SM
MD
LG